Հրապարակի մետրոյի մոտ ցուցադրված ներկայացման համար նախարարությունը 2 միլիոն 700 հազար դրամ է տրամադրել

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսը հանրային քննարկման մեծ ալիք բարձրացրեց։ Քաղաքացիների մի մասին այն դուր եկավ, մյուսին՝ ոչ։ Հարցը, սակայն, գեղագիտական է։ Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։

Միջոցառմանն ու դրան հաջորդած քաշքշուքին զուգահեռ` մի շարք ԶԼՄ-ներ և ֆեյք օգտատերեր սկսեցին  տեղեկություն տարածել, թե բեմականացվածը ԼԳԲՏ քարոզ էր կամ սատանիստական միջոցառում, որը ֆինանսավորվել է պետական միջոցներով։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ «ԱԺԶ» հասարակական կազմակերպությունը հայտ էր ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն և ստացել մոտ 2,7 մլն դրամ գումար՝ ներկայացում բեմադրելու համար։ Նախարարության հետ ստորագրված պայմանագրում հստակ սահմանված են եղել բեմադրության մանրամասները, որոնք նախատեսում են պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում։

Ինչպես տեսնում ենք ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրված պայմանագրից՝ ներկայացումն իրենից պետք է ներկայացնի 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն)։ Այս հեղինակների բանաստեղծությունները պետք է հնչեին ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ։ 

«Կատարումը պետք է տեղի ունենա հանրային տարածքում՝ Հանրապետության Հրապարակի Երևանի մետրոպոլիտենի կայարանի դրսի հատվածում, որտեղ վիզուալ անիմացիաները թարգմանելու են ֆուտուրիզմ պոեզիան և տարածքի ճարտարապետությանը։ Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կայանելով արվեստ անող կնոջ՝ Հասմիկ Թանգյանի մարմինը հանրային տարածքում՝ փորձարարական պարագրության մեջ», – նշված է պայմանագրի «բովանդակություն» բաժնում։
Այսպիսով հայտնում ենք, որ տեղեկությունները, թե ԿԳՄՍ նախարարությունը հովանավորում է ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ, չի համապատասխանում իրականությանը։ Նման շահարկումները հետապնդում են հստակ քաղաքական մոտիվներ և  նպատակ ունեն մոլորեցնելու հանրությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել