Այսուհետ 14-18 տարեկան երեխան կկորցնի ՀՀ քաղաքացիությունը իր գրավոր համաձայնությամբ. նախագիծ

Արդարադատության նախարարությունը  հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ  ՀՀ  քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն  չունեցող այն անձը` որը մինչև  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ  քաղաքացու hետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի  առկայությամբ  բնակվել է ՀՀ  կամ ունի ՀՀ  քաղաքացի երեխա (զավակ):

Երդման  արարողությանը  մասնակցելու, ինչպես  նաև  ՀՀ  քաղաքացու անձնագիր ստանալու համար  ՀՀ քաղաքացիություն  ստացած  անձը  Հայաստանում գտնվելու  դեպքում  պետք է ներկայանա ՀՀ  ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ համապատասխան  դեսպանություն  կամ  հյուպատոսական հիմնարկ:

Երեխան կկորցնի ՀՀ քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, այսուհետ  14-18 տարեկան երեխայի դեպքում կներկայացվի նաև երեխայի գրավոր համաձայնությունը՝ օրենքով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված ընդհանուր հիմունքներով::

ՀՀ  քաղաքացիությունից դուրս գալու մասին  քաղաքացու դիմումը կմերժվի, եթե ունի «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված՝ պետության հանդեպ չկատարված պարտավորություններ՝ մասնավորապես,

ա) տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը.

բ) ունենալով զինվորական հաշվառում չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում.

գ) հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական վերափորձաքննություն անցնելու պարտականություն.

դ) քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընդգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին.

ե) դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ:

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները կքննարկեն վեցամսյա ժամկետում, այսուհետ, բացառությամբ ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների, որոնք կքննարկվեն եռամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել