Գրեթե բոլոր հասարակական տրանսպորտներում փակցված է նախազգուշացում, որ ծխելն արգելվում է: Սակայն տպավորություն է ստեղծվում, թե այդ նախազգուշացումը վերաբերում է միայն ուղևորներին: Հատկապես երթուղային տաքսիների ու թեթև մարդատար- տաքսիների վարորդների մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր են այդ նախազգուշացման նկատմամբ:
Մինչդեռ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն տրանսպորտային միջոցներում ծխելու համար:
Հասարակական` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ):
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10 000 դրամ):
«Տրանսպորտային միջոցի (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով ( 3000 դրամ):
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ)»,- Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Վերը նշված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net