Հրապարակվել է «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նախագիծը․ ի՞նչ քայլեր է պատրաստվում կատարել կառավարությունը

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նախագիծը։

Նշվում է, որ ՀՀ կառավարության 2019 թ. ծրագրով արժանապատիվ աշխատանքը և անհատական ջանքը աղքատության հաղթահարման և ներառական տնտեսական զարգացման առանցքում են: Ըստ այդմ` կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող կարողությունների զարգացումը, գիտելիքահենք տնտեսական համակարգի ձևավորումը կառավարության գործունեության հիմնական ուղղություններից են: Բացի այդ` տնտեսության կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է նոր որակի աշխատուժի անհրաժեշտություն և ավանդական ճյուղերին այլընտրանք համարվող ոլորտների և տարածքային համաչափ զարգացում, ինչը պահանջում է աշխատաշուկայի նոր քաղաքականության մշակում: Նոր քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը նաև պայմանավորված է աշխատաշուկան բնութագրող թվային ցուցանիշներով, որոնք բերված են ստորև:

Համաձայն պաշտոնական տվյալների (նախնական)` 2018 թ. դրությամբ Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են բնակչության 68%-ը, որից տնտեսապես ակտիվ է բնակչության 57%-ը: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ գործազուրկ է 20.4%-ը: Հայաստանի այս ցուցանիշն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շրջանում, ինչպես նաև հարևան երկրների հետ համեմատելիս: Ընդ որում, գործազուրկների մեջ 15-34 տարեկան երիտասարդների մասնաբաժինը 45 % է: Աշխատանքային ռեսուրսների 43%-ը տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունն է: Այս խմբում մեծ թիվ են կազմում կանայք, որոնց 38%-ը տնային տնտեսությունում ծանրաբեռնվածության, երեխայի կամ տան անդամի խնամքով զբաղվելու պատճառով չեն կարողանում աշխատել, ինչպես նաև անձինք, ովքեր հուսահատվել են և այլևս չեն հավատում, թե աշխատանք կգտնեն, ուստի չեն փնտրում: Առկա տվյալների վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում, ինչպես այլ զարգացող երկրներում, խնդիր է ինչպես ցիկլիկ, այնպես էլ կառուցվածքային գործազրկությունը:

Գործազրկության և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության բարձր տեսակարար կշիռների բերված թվերը վեր են հանում հետևյալ մտահոգությունները.

  1. Հայաստանում 2013 թ. սկսած արձանագրվել է տնտեսական աճի ոչ շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ աճը անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ:
  2. Զբաղվածության ոլորտը կամ առավել լայն իմաստով՝ աշխատաշուկայի քաղաքականության իրականացումը, վերջին տարիների ընթացքում պատշաճ ուշադրության չի արժանացել: Առկա է ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ, որոնք ամբողջական չեն, ինչպես օրինակ` աշխատուժի պահանջարկի մասին տեղեկատվությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում պետական քաղաքականություն մշակելիս:
  3. Զբաղվածության պետական ծրագրերը կամ գրավիչ չեն, կամ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է: Բացի այդ` առկա ծրագրերը մեծամասամբ թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին, մինչդեռ այս առումով պետությունը պիտի սահմանի նաև այլ առաջնահերթություններ,
  4. Գործազրկության նվազեցման գործում կարևոր դերակատարություն ունի հատկապես կրթության ոլորտը։ Ներկայումս խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլև լավ գործատու պատրաստելու, ինչպես օրինակ` ձեռներեցության հմտությունների խթանման միջոցով ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելը և այլն:

Ծրագրի շրջանակներում նախանշվում են ռազմավարական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետությունը, ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թ. ծրագրի, մինչև 2023 թ. համակարգված և փաստահենք քաղաքականություն է իրականացնելու՝ հիմնված հետևյալ սկզբունքների վրա.

Մասնակցություն ու ներգրավվածություն

 

Բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում` քաղաքացիները ներգրավված են ու մասնակցում են աշխատաշուկայի քաղաքականության մշակման գործընթացին:

 

Թափանցիկություն

 

Որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ է և կանխատեսելի բոլոր շահագրգիռ կողմերի համար:

 

Մշտադիտարկում և գնահատում

 

Մշակվող քաղաքականություններն ունեն չափելի թիրախներ, կատարողականի գնահատման ցուցանիշներ, որոնք մշտադիտարկվում են և գնահատվում:

 

Հաշվետվողականություն

 

Հանրությանը պարբերաբար ներկայացվում է կատարված աշխատանքների հաշվետվությունը։

 

Ճկունություն

 

Միաժամանակ ապահովվում է աշխատաշուկայի ճկունությունը և պաշտպանությունը:

 

Նորարակական մոտեցումներ

 

Կիրառվում են խնդիրների լուծման նոր և արդյունավետ լուծումներ:

 

 

Պատասխանատվություն

 

Որոշում կայացնողները պատասխանատու են իրենց կայացրած որոշումների և դրանց իրագործման համար:

 

Իրավունքի առաջնայնություն

 

Որոշումների հիմքում ընկած է մարդու իրավունքների առաջնայնության սկզբունքը, մշակվող քաղաքականությունները մարդակենտրոն են:

 

Կայունություն

 

Ապագա սերունդների կարիքներն ու զարգացման հնարավորությունները ներառված են մշակվող քաղաքականության հիմքում:

 

Երիտասարդամետ քաղաքականության առաջնայնություն

 

Առաջնային է երիտասարդ մասնագետների` աշխատաշուկա մուտքի ապահովումը:

 

Ծրագրի առջև դրված նպատակներն են.

 

Մարդկային կապիտալի զարգացում

1.    Կրթական գործընթացում մասնավոր հատվածի արդյունավետ ներգրավվածությամբ որակյալ կրթության ապահովում և երիտասարդների մրցունակության բարձրացում

Զբաղվածության խթանում

2.    Զբաղվածության ոլորտի ծառայությունների որակի բարձրացում

3.   Աշխատաշուկայի ծածկույթի մեծացում

4.    Աշխատանքային պայմանների և հարաբերությունների շարունակական բարելավում

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ

5.   Զբաղվածության ոլորտի քաղաքականությունների մշակման ինստիտուցիոնալ արդիականացում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել