Հնարավոր չէ նիստը շարունակել առանց ամբաստանյալ Քոչարյանի․ «Մարտի 1-ի» գործով նշանակված նիստը հետաձգվեց

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ընթացող «Մարտի 1-ի» գործով դատավարությանը:

Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ հարցում է ուղարկել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ 2-րդ նախագահի նիստերին մասնակցությունը հնարավոր դարձնելու վերաբերյալ։

«Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը պատասխանել է, որ դեռ հնարավոր չէ ապահովել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը նիստերին»։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց ամբաստանյալ Քոչարյանի հնարավոր չէ շարունակել դատական նիստը։ Այն հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել