Հայտնի է, որ նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդես գալ համապատասխան լեզվի տիրապետման մասին Արդարադատության նախարարության կողմից որակավորման վկայական ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը:
«Նոտարիատի մասի» ՀՀ oրենքի համաձայն՝ թարգմանիչ է համարվում նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:
«Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկված է «Նոտարիատի մասի» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, համաձայն որի` նոր խմբագրությամբ պետք է շարադրվի՝ թարգմանիչ է համարվում նաև ժեստերի լեզվի թարգմանիչը:
Վերջինիս նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը և ներգրավվածությանը հասարակական կյանքին, նրանց հիմնարար իրավունքների` մասնավորապես տեղեկատվության և կրթության իրավունքների պաշտպանությանը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ուսուցման գործընթացի կազմակերպումը ժեստերի լեզվով իրականացնելու դեպքում կդյուրինացվի մատուցվող կրթական ծրագրի յուրացումը խուլերի կողմից, ինչը կապահովի խուլերի մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net