«Կիսաբաց լուսամուտներ»-ին հաղորդագրություն է գրել. Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք…

Հրազդան քաղաքի բնակչուհի Սյուզան Ջ.-ն նույն քաղաքում գտնվող իր բնակարանից 2012թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 19:07-ին, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից հաղորդագրություն է ուղարկել «Ա ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային բջջային հեռախոսահամարին` հետևյալ բովանդակությամբ. «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ Ձեր հեռուստաընկերությանը»:

 

Նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող և չլուծված մի շարք խնդիրներ, որոնք առ այսօր լուծում չեն ստացել, իսկ շենք պայթեցնելու նպատակ ընդհանրապես չի ունեցել:

 

Այսինքն, Սյուզան Ջ.-ն տվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում, կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 259 հոդվածով:

 

Նշված հոդվածի համաձայն` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Հարուցվել է քրեական գործ, Սյուզան Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Քրեական գործը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում(նստավայրը` Եղվարդ քաղաք):

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել