Քսաներորդ դարի սկզբին ինքնասպանությունը համարվեց «դարի հիվանդություն», «համաճարակ»: Ինքնասպանությունը մարդկության առջև ծանրացած խնդիրներից մեկն է և գոյություն ունի այնքան, որքան մարդն ապրում է երկրի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրեթե մեկ միլիոն մարդ կամավոր հրաժեշտ է տալիս իր կյանքին և մոտ տասը միլիոնը ինքնասպանության փորձ կատարում: Այլ կերպ ասած` յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ տեղի է ունենում ինքնասպանություն:
Ինքնասպանությունը կամ դրա փորձն ինքնին պատժելի արարքներ չեն:
Ինքնասպանությունը վերաբերում է բարոյականության, հոգեբանության և բժշկության ոլորտներին: Բայց երբ ինքնասպանությունը հանդիսանում է մեկ այլ անձի` քրեական օրենքով արգելված որոշակի վարքագծի արդյունք, հարցն անմիջապես տեղափոխվում է քրեաիրավական հարթություն: Փաստորեն ինքնասպանության հասցնելը բնութագրվում է ինչպես հանցավորի բացարձակ անբարոյականությամբ, այլև մարդկանց արժանապատվության և հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունքով:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 46 ամյա Մարտին Մելքոնյանը շուրջ 13 տարի ամուսնական հարաբերության մեջ է գտնվում նույն գյուղի բնակիչ Ա.Դարաբյանի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա:
Ամուսնության սկզբնական շրջանում ընտանեկան կյանքը եղել է նորմալ, ապրել են հաշտ ու համերաշխ, սակայն հետագայում ամուսինները ունենալով կյանքի մասին տարբեր պատկերացումներ և սկզբունքներ՝ չեն կարողացել պահպանել ընտանեկան համերաշխությունը: Արդյունքում, Մարտին Մելքոնյանը, շուրջ 13 տարի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սպառնալիքների, դաժան վերաբերմունքի, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղակի դիտավորությամբ և անզգուշությամբ իր կնոջը` Ա.Դարաբյանին հասցրել է ինքնասպանության փորձի: Ա.Դարաբյանը մտածելով, որ այդ վիճակով իր ապրելն անիմաստ է, չի կարողանում դիմանալ ամուսնու կողմից իր անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելուն, 2011թ. դեկտեմբերի 7-ին, իր որդուց գրիչ և թուղթ է խնդրել և գրել հետևյալ գրությունը.- «Մամ ջան, եղբայր ջան, կներեք ինձ, որ այսպես եղավ, էլ չեմ կարող պայքարեմ: Մենակ շատ եմ խնդրում, որ ինձ չթողնեք այստեղ, շատ եմ խնդրում, ես բոլորիցդ շատ շնորհակալ եմ օգնության համար, ես էլ չեմ անհանգստացնի ձեզ, ես որ հարսանիքից եկա ինձ ծեծեց շատ, բայց ես ձեզ չանհանգստացրի. ձեզ սիրող Անիից», որից հետո իրենց ավտոտնակից վերցրել է մկնդեղ (ցինկի ֆոսֆիդ) մի մասը լցրել է եփած սուրճի մեջ և խմել, իսկ մի մասը պահել գրպանում, որպեսզի եթե օգտագործածը արդյունք չտա հետագայում մյուս մասն էլ օգտագործի: Երեխան հասկանալով, որ մայրը ինքնասպանություն է ցանկանում գործել այդ մասին հեռախոսով հայտնել է իր տատիկին` Լ.Դարաբյանին: Վերջինս դստեր ինքնասպանության մտադրության մասին հայտնել է որդուն` Ն.Դարաբյանին, ով իր քեռու որդի Մ.Ալվանդյանի հետ, Գ.Պետրոսյանի ավտոմեքենայով, գնացել են Մ.Մելքոնյանի տուն: Նկատելով, որ Ա.Դարաբյանը այդ սենյակում չի` հարցրել են նրա գտնվելու տեղը: Երեխան Ն.Դարաբյանին տարել է կողքի սենյակ և ցույց է տվել անկողնում գիտակցությունը կորցրած և ուժասպառ վիճակով պարկած մորը՝ Ա. Դարաբյանին: Ն.Դարաբյանը նկատելով ուժասպառ և վատացած քրոջը` հասկացել է, որ քույրը ինքնասպանություն է ցանկացել կատարել, վրդոհվել է ու Մարտին Մելքոնյանի վրա գոռալով պահանջել է շտապօգնություն կանչել, սակայն վերջինս անտեղյակ լինելով կնոջ ինքնասպանության փորձի մասին և աներորդու անսպասելի մեղադրանքներից նույնպես վրդովվել է և գոռգոռալով հայտնել, որ իր տունը շտապօգնության մեքենան չպետք է գա և փորձել է արգելել Ն.Դարաբյանին, որպեսզի վերջինս կնոջը՝ Ա.Դարաբյանին տանից տեղափոխի հիվանդանոց: Նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Այնուհետև Ն.Դարաբյանը, Մ.Ալվանդյանը Ա. Դարաբյանին Գ. Պետրոսյանի ավտոմեքենայով տեղափոխել են Մարտունու հիվանդանոց, որտեղից էլ` «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 22.12.2011թ.-ին հարուցվել է քրեական գործ Մարտունու քննչական բաժանմունքի կողմից: Մարտին Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում՝ դատարանում Մարտին Մելքոնյանը իրեն մեղավոր է ճանաչել:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ-ի մայիսի 2-ին մեղադրական դատավճիռ է կայացրել, որով Մարտին Մելքոնյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Հաշվի առնելով, որ ամբաստանյալ Մարտին Մելքոնյանը ՌԴ Կալինինգրադի մարզի Գվարդիսկի շրջանային դատարանի 28.01.2009թ. դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիառվել, սահմանվել է փորձաշրջան նույնքան ժամկետով և փորձաշրջանի ընթացքում կատարել է միջին ծանրության նոր արարք, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով նշանակված պատժին մասնակիորեն գումարել ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի ազատազրկման ժամկետը: Ընտրված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ընտրվել է կալանավորումը: Մարտին Մելքոնյանին կալանքի է վերցվել դատարանի դահլիճում:
Մարտին Մելքոնյանը վերաքննիչ բողոք է բերել, որով դատարանից խնդրել է ամբողջությամբ բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ բավարարման դեպքում ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու պահանջով:
Վերաքննիչ դատարանը 2012թ-ի օգոստոսի 7-ի որոշմամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի մարտի 26-ի դատավճիռը` ըստ մեղադրանքի Մարտին Գրիշայի Մելքոնյանի ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան այլ կազմով նոր քննության:
Դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել:
Սույն քրեական գործը ներկայումս կրկին գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net