Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ: Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից ներկայումս հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախաբանում ՀՀ պաշտպանությունը և մարտական գործողություններն առանձնացված են ստորակետով, ինչը տեխնիկական վրիպակի արդյունք է:
Հավելենք, որ օրենքի նախագծի ընդունումը 2019 թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում: