«Մատաղիսի գործով» զինդատախազությունը բողոքարկում է արդարացման դատավճիռը

Զինվորական դատախազությունն այսօր բողոքարկել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի «Մատաղիսի գործով» արդարացման դատավճիռը: 

 

«Մատաղիսի գործով» վերաքննիչ քրեական դատարան դիմելու մասին վերջերս լրագրողներին հայտնել էին մահացած երկու զինծառայողներից մեկի` Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը` մայրը, և հորեղբայրը` համոզված, թե 2003 թվականին երկու զինծառայողների սպանությունն իրականացրել են դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Նրանք, որպես ապացույց, իրենց հետ բերել էին գործով նախկին քննիչ Արմեն Հակոբյանին Ռազմիկ Սարգսյանի տված ինքնախոստովանական ցուցմունքը: Վերջինս այդ տեսանյութում պատմում էր, թե նրանք ինչպես են սպանել իրենց երկու ծառայակիցներին: Հակառակ գոյություն ունեցող այդ տեսանյութին` Ռազմիկ Սարգսյանը մշտապես պնդել է, որ իրենից այդ ցուցմունքը վերցրել են բազմաթիվ կտտանքների ենթարկելու արդյունքում:

 

Ի դեպ, գործով մյուս տուժող, մահացած զինվոր Մովսես Մկրտումյանի իրավահաջորդը` հայրը դատարանում մանրամասն ներկայացրել էր այնպիսի հանգամանքեր, որով ապացուցված էր համարել ամբաստանյալի աթոռին հայտնված Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղությունը և դատարանին միջնորդել էր ազատել վերջիններիս և կայացնել արդարացման դատավճիռ և գտնել իրական մեղավորին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել