Այս «օրենքով գողի» սպանության դրդապատճառների վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, սակայն որպես հիմնական վարկած քննչական մարմինները դիտարկում են քրեական խմբավորումների միջև ազդեցության ոլորտների վերաբաշխման հողի վրա առաջացած հակամարտությունը:
«Կոմերսանտ» թերթի հրապարակման համաձայն այդ վարկածին կողմ է նաև կազկերպված հանցավորության դեմ պայքարի ճանաչված փորձագետներից մեկը՝ ՌԴ Պետական դումայի նախկին պատգամավոր, միլիցիայի պաշտանաթող գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գուրովը: Իրավաբան.net-ի ունեցած տեղեկությունների համաձայն հենց Գուրովի կողմից է դեռևս ԽՍՀՄ ՆԳՆ համակարգում ստեղծվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը, որը հայտնի է նաև որպես 6-րդ վարչություն: Այդ գեներալի կարծիքով, Հասանի մահը հիմնականում վրացական ծագում ունեցող օրենքով գողերի կլանների միջև պատերազմի հետևանք է: Գեներալը համարում է, որ ներկայիս գողական պատերազմները նախկիններից տարբերվում են նրանով, որ պայքարը ընթանում է ոչ թե «գողական գաղափարների» համար, ինչպես նախորդ դարի 40-ական և 50-ական թվականներին, այլ երկրի տնտեսական կյանքում ազդեցության ոլորտների համար:
Գուրովի տեսակետը կիսում է նաև փաստաբան Մարկ Կրուտերը, որը երկար տարիներ պաշտպանում էր այլ, հետխորհրդային տարածքի քրեական աշխարհի ոչ պակաս հայտնի «առաջնորդի»՝ Վյաչեսլավ Իվանկովին (Յապոնչիկ), որը 2009թ. սպանվել է համանման հանգամանքներում:
Կրուտերը համարում է, որ Յապոնչիկի և Հասանի սպանությունը, որոնք մոտ ընկերներ էին, փոխկապակցված է: Իր խոսքերով նրանք միասին են դեմ եղել երիտասարդ վրացի օրենքով գողերի նկրտումներին: «Կոմերսանտ»–ի փոխանցմամբ ներկայումս մահափորձին առնչություն ունենալու վերաբերյալ ստուգվում են ազգությամբ վրացի երկու «օրենքով գողեր»:
Նշված թերթի տեղեկությունների համաձայն Ռուսաստանի իրավապահները կարծում են, որ Դեդ Հասանի սպանության պատասխանը շատ չի ուշանա, քանի որ նրան դեռ կենդանության օրոք հաջողվել է ստեղծել բավականին հզոր և ազդեցիկ քրեական կայսրություն, որը կառավարվում է իր բազմաթիվ բարեկամների և մոտ ընկերների կողմից:
ՌԴ քննչական կոմիտեի կողմից հաղորդած տեղեկությունների համաձայն հանցագործության վայրում հայտնաբերվել է «ՎԱԼ» տեսակի հրացան, որով զինված են հատուկ նշանակության ջոկատները: Սակայն ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Դրագունովի հրացանը: Դրանից մասնագետները եզրակացնում են, որ Դեդ Հասանին կարող էր սպանել կամ նախկին հատուկ ջոկատայինը, կամ էլ մարզիկ-բիաթլոնիստը:
Ամեն դեպքում, բոլոր վարկածները պետք է ճշտվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net