Գործող «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է հետևյալը. «Արգելվում է բանկային, ապահովագրական և այլ ֆինանսավարկային ու ֆինանսական` ներառյալ արժեթղթերով գործառնություններ իրականացնող հաստատությունների և դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ գովազդը, եթե գովազդի պատվիրման պահին և դրա հրապարակման ժամանակահատվածում գովազդիօբյեկտը ձեռք չի բերել օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված արտոնագիր:
Վերոհիշյալ ծառայությունների գովազդներում արգելվում է`
ա) զետեղել երաշխիք, կանխատեսում կամ խոստում ապագա գործունեության արդյունավետության (երաշխավորության), այդ թվում` հայտարարություններ արժեթղթերի շուկայական գների բարձրացման մասին.
բ) զետեղել քանակական տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչություն չունեն գովազդվող հաստատությունների, դրանց ծառայությունների և արժեթղթերի հետ.
գ) սովորական բաժնետոմսերի գովազդում զետեղել դրանց շուկայական գների մասին որևէ տեղեկություն կամ երաշխավորություն դրանց շահաբաժինների (դիվիդենդների) մասին » :
ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Վահան Հովհաննեսյանի և Արմեն Բաբայանի կողմից մշակվել է նշված հոդվածում փոփոխություն, մասնավորապես` լրացում, կատարելու մասին օրենքի նախագիծ, որն ընդգրկվել է ԱԺ նստաշրջանի օրակարգում:
Նախագծի էությունը հետևյալն է. նկատի ունենալով, որ ներկայումս վարկերի տրամադման մասին գովազդներում ներկայացվում են հայտարարություններ, առաջարկներ և պայմաններ, որոնք ոչ միշտ են արտացոլում վարկի տրամադրման, օգտվելու և մարման փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը և այն ստանալու համար կատարվող բոլոր ծախսերը), ինչը վարկառուին զրկում է իր նախնական հաշվարկները կատարելու, իրեն հարմար բանկ կամ վարկային կազմակերպություն ընտրելու հնարավորությունից, նպատակահարմար է 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ`
«Եթե վարկի տրամադրման, օգտվելու կամ մարման վերաբերյալ գովազդային ծառայությունները (հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր և այլն)` անկախ գովազդի տեղադրման վայրից, պարունակում են վարկի արժեքի վրա ազդող թեկուզ մեկ պայման` տոկոսների չափի կամ վարկի տրամադրման ու մարման հետ կապված որևէ այլ վճարի կամ ծախսի մասին, ապա այդպիսի գովազդը պետք է պարունակի բոլոր մնացած պայմանները, որոնք որոշում են վարկի փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը, այն ստանալու և մարելու համար կատարվող ծախսերը), ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ ողջամիտ ձևով հասու դարձնել վարկի փաստացի արժեքը` ներկայացվում է դրա հաշվարկման կարգը կամ վարկի տարեկան փաստացի արժեքի առավելագույն չափը»:
Կարծում ենք` նշված լրացումը տեղին կլինի և կնպաստի քաղաքացու` այս բնագավառում առավել տեղեկացված լինելուն:
Աղբյուրը` Իրավաբան.net