Ջ. Մ.- ն, նախնական համաձայնության գալով Ա. Թ.-ի հետ, բնակարանային գողություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. հուլիսի 2-ին ժամը 04:30-ի սահմաններում պատշգամբի դուռը պտուտակահանի գործադրմամբ բացելու եղանակով
ապօրինի մուտք են գործել Երևանի Գ.Նժդեհի փողոցի 12 շենքի 2 հարկում գտնվող 2-րդ բնակարան, սակայն տեղում բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից` իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:
Փաստորեն, կատարվել է գողության փորձ:
Ի դեպ, չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net