Համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 միլիոն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ, պարզվել է մեխանիզմը:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ  և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքի արոտավայր հողատարածքներից  9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Գնդեվազ համայքնի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև այլ գործարքներում ևս հնարավոր չարաշահումների վերաբերյալ նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 50 000 000 ՀՀ դրամի չափով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել