Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի’ օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։
Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել։
Դեպքի վերաբերյալ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է վարչական վարույթ»: