Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 19-ին, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ դատախազը չէր ներկայացել։
Նիստի ավարտին լրագրողների փորձեցին Ռոբերտ Քոչարյանից ճշտել, թե ինչ կարծիք ունի վերջինս ՍԴ-ի որոշման մասին՝ իր մեղադրանքի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին:
«Թող փաստաբանները բացատրեն»,-իսկ հարցին, թե ինչու է որոշել այս նիստին ներկայանալ, քանի որ այս գործով այլ նիստերի Քոչարյանը ներկա չէր եղել, վերջինս պատասխանեց. «Անպայման պիտի բացատրե՞մ»:
Լրագրողները էլի մի քանի հարց փորձեցին տալ, սակայն Ռոբերտ Քոչարյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ նիստերի դահլիճից:
Նշենք, որ նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 24-ին:
Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրվել:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: