Օրերս համացանցում մի նյութ էր տարածվել, որ սիրահար զույգն ամուսնացել է Skype-ի միջոցով, այսինքն` ամուսնությունը գրանցվել է առանց ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
Իսկ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում գրանցել ամուսնություն համացանցի, մասնավորապես` Skype-ի միջոցով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը:
Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը։
«Բացի այդ, օրենքը սահմանում է, որ ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Այս նորմի վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ ամուսնության գրանցման համար կինը և տղամարդը պետք է ֆիզիկապես ներկա լինեն և ստորագրեն համապատասխան գրառման գրքում, որի հիման վրա էլ ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժինը կտրամադրի ամուսնության պետական գրանցման վկայական»: