«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործը մակագրվել է դատավոր Հրաչիկ Սարգսյանին:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի և Արկադի Հրաչիկի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:
Մասնավորապես Արթուր Ասատրյանը, տեղեկություններ ստանալով, որ մի խումբ անձինք նախապատրաստական գործողություններ են կատարում իրեն դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, և այդ կապակցությամբ վարձակալել են իր բնակության վայրի հարակից տարածքում գտնվող՝ Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատունը, կազմակերպել և իր ղեկավարման ներքո գտնվող, նախնական համաձայնությամբ գործող քրեական գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց հանձնարարել է առևանգել Վազգեն Ղազախեցյանին, Արտակ Այվազյանին և Արկադի Քոչինյանին՝ վերջիններիս տեղափոխելով իր մոտ:
Ի կատարումն Արթուր Ասատրյանի հրահանգի՝ 2017թ. մասյիսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտակ Այվազյանի և Վազգեն Ղազախեցյանի կողմից «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35GU424 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վերոնշյալ վարձակալված հասցե վերադառնալու ժամանակ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բռնություն կիրառելով տվյալ անձանց նկատմամբ, վերջիններիս տեղափոխել են իրենց կողմից վարվող ավտոմեքենան ու, բացահայտ առևանգելով նրանց, Արթուր Ասատրյանի ցուցումով տեղափոխել են վերջինիս մոտ:
Նշված վայրում Արթուր Ասատրյանի ներկայությամբ, վերջինիս ղեկավարմամբ գործող անձինք շարունակել են բռնություն գործադրել առևանգող անձանց նկատմամբ, որից հետո, Արտակ Այվազյանը ժամը 21:21-ի սահմաններում Արթուր Ասատրյանի հրահանգով, կիրառված բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ, զանգահարել է այդ ընթացքում իրենց կողմից վարձակալած բնակարանում գտնվող Արկադի Քոչինյանին և հյուրասիրության մասնակցելու պատրվակով, Արթուր Ասատրյանի հրահանգով մոլորեցրել է նրան, պայմանավորվածություն ձեռք բերելով իբրև իրենց մտերիմների միջոցով Արկադի Քոչինյանին մտացածին հյուրասիրության վայր տեղափոխելու վերաբերյալ:
Սպառնալիքների կիրառմամբ, Արտակ Այվազյանի միջոցով Արկադի Քոչինյանին մոլորեցնելու արդյունքում Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ գործող դեռևս չպարզված անձինք, խաբեությամբ, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում տեղակայված առանձնատնից, նույն օրը առևանգել են նաև Արկադի Քոչինյանին և կրկին տեղափոխել Արթուր Ասատրյանի մոտ:
Այնուհետև, Արթուր Ասատրյանի ղեկավարմամբ, նախնական համաձայնությամբ գործող հանցակիցները, շարունակելով առևանգված անձանց նկատմամբ բռնության գործադրումը, վերջիններիս տեղափոխել և պահել են Էջմիածին քաղաքի և հարակից տարածքներում գտնվող 3 տարբեր վայրերում, որոնցից Արթուր Ասատրյանի փաստացի բնակության վայրի՝ Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան կամարաձև մուտքի աջակողմյան հատվածում գտնվող պահակակետի նկուղային հարկում առևանգված անձանց պահելու ժամանակահատվածում՝ 2017թ. մայիսի 21-ին՝ ժամը 10:08-ի սահմաններում, Արտակ Այվազյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսով Արթուր Ասատրյանը կատարել է 3 րոպե 47 վայրկյան ընդհանուր տևողությամբ տեսաձայնագրություն, որի արդյունքում ստեղծվել է Էլեկտրոնային ֆայլը:
Այսպիսով, 2017թ. մայիսի 20-ին, Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնության գործադրելով, որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ Էջմիածին քաղաքից բացահայտ առևանգել են Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին, որի ընթացքում շարունակելով նրանց նկատմամբ բռնության գործադրումը մինչև նույն ամսի 24-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել և ապօրինի պահել են 3 տարբեր հասցեներում՝ այդ թվում Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի 81-րդ տան պահակակետի նկուղային հարկում:
Առևանգված անձանց առողջության համար վտանգավոր բռնության գործադրումը դրսևորվել է Արտակ Այվազյանի առողջությանը՝ բութ առարկաների օգտագործմամբ գլխի շրջանի սալջարդ վերքի, քթոսկրի կոտրվածքի, քթի երկու կողմերից վերին և ստորին կոպերի, աջից գոտկային շրջանի արյունազեղումների, քթի և ձախ արմնկահոդի շրջանների քերծվածքների ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով, Արկադի Քոչինյանի առողջությանը՝ ծակած կտրած վերքերը՝ սուր ծակող կտրող գործիքի, իսկ մնացած վնասվածքները՝ բութ առարկաների ազդեցությամբ՝ աջից քունքային և ձախից այտային շրջանների սալջարդ վերքի, ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերի, աջից քունքային, ձախից՝ վերին և ստորին կոպերի, այտային, ձախ ուսագոտու ազդրի շրջանների և ակնագնդի արյունազեղումների և աջից հոնքի շրջանի քերծվածքների ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու ձևով, իսկ Վազգեն Ղազախեցյանի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ճակատի շրջանի ճանկռվածքի, աջից ծոծրակային, ձախից վերին կոպի, ականջախեցիների և կրծքավանդակի ձախ կեսի արյունազեղումների, ձախից ծոծորակային և հոնքի շրջանների սալջարդ վերքերի, պարանոցի, ստորին ծնոտի ձախ կեսի և ձախ նախաբազկի շրջանների քերծվածքների ձևով:
2017թ. մայիսի 24-ին, կրկին գործելով Արթուր Ասատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վերջինիս հանձնարարությամբ, հանցավոր գործունեությանը ներգրավված անձինք Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին, վերջիններիս կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35 GU 424 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել են նրանց կողմից վարձակալած Վաղարշապատ քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 1Ա հասցեում գտնվող տուն՝ փաստացի ազատ արձակելով վերջիններիս:
Այսպիսով, Արթուր Օնիկի Ասատրյանին մեղսագրվում է ծանր հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քր. Օր-ի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: