Երևանի ավագանին հունիսի 24-ին արտահերթ նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևանի փակուղիներից մեկը Հենրիկ Ոսկանյանի փողոց անվանափոխելու վերաբերյալ:
Նախագծում նշվում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղին նախատեսվում է անվանափոխել անվանի նկարիչ Հենրիկ Ոսկանյանի փողոց:
Նկարիչ Հենրիկ Ոսկանյանը ապրել և ստեղծագործել է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղում և վայելել բնակիչների սերն ու հարգանքը:
Վերջինս ստեղծագործել է ուրույն ոճով՝ ստեղծելով իր անհատական ձեռագիրը նկարչական արվեստի բնագավառում: Հ.Ոսկանյանի աշխատանքերը բարձր գնահատականի են արժանացել աշխարհի բազմաթիվ երկրների նախագահների կողմից:
Նրա գեղեցիկ ստեղծագործությունները զարդարում են նաև գործող բազմաթիվ մշակութային օջախների և կառավարական շենքերի դահլիճները:
Տվյալ տարածքի բնակիչների ցանկությունն է, որ վերոհիշյալ փակուղին անվանափոխվի հայտնի և սիրված նկարչի անվամբ: Փակուղին անվանափոխելու մեկ այլ պատճառ հանդիսանում է այն, որ տեղի բնակիչների անձնագրերում հասցեները տարբեր կերպով են գրանցված, օրինակ՝Բաշինջաղյան նրբանցք, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, Բաշինջաղյան փակուղի: Այսպիսով, հստակ անվանակոչումը թույլ կտա նաև խուսափել այս խնդրից:
Բացի այդ Անաստասավանի բոլոր փողոցները՝ բացի վերը նշվածից անվանակոչված են:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ և՛ Հենրիկ Ոսկանյանը, և՛ Գևորգ Բաշինջաղյանը, ում անվամբ էլ կոչվում է Բաշինջաղյան փողոցը, անվանի նկարիչներ են, նպատակահարմար և տրամաբանական է փակուղու անվանափոխման հարցի դիտարկումը: