Ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն

XX դարը պատմության մեջ մտավ նաև որպես ցեղասպանության դարաշրջան: Մարդկության պատմության մեջ դեռևս չէր եղել այնպես, որ մեկ հարյուրամյակի ընթացքում բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեին ֆիզիկական բնաջնջման կամ գտնվեին դրա վտանգի տակ:

 

Պատմությունը վկայում է պատերազմների, կոտորածների կամ ջարդերի անհամար դեպքեր: Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ ազգերին ոչնչացնելու, այսինքն՝ ցեղասպանության քաղաքականությունը բարձրացվում է պետական քաղաքականության մակարդակի վրա, այն նախօրոք և խնամքով ծրագրվում և նախապատրաստվում է, նրա հիմնավորման, այսինքն արդարացման համար առաջ են քաշվում զանազան տեսադրույթներ, իսկ իրագործման համար՝ ստեղծվում համապատասխան մեխանիզմներ:

 

Մինչև 1944 թվականը գիտությանը հայտնի չէր «գենոցիդ» եզրը, որի հայկական համարժեքը ցեղասպանությունն է: Մարդկությունը մինչ այդ օգտագործում էր գլխավորապես ջարդեր և կոտորածներ եզրերը, որոնք իմաստային առումով շատ հաճախ համընկնում էին ցեղասպանութուն հասկացողության հետ կամ մոտ էին նրան, իսկ երբեմն` ոչ:

 

Երկրորդ քայլը հանդիսացավ նրա բովանդակության սահմանումը, և այն էլ այնպիսի ձևով, որն ընդունելի լիներ բոլոր ժողովուրդների, քաղաքական ուժերի և պետությունների կողմից:

 

Ցեղասպանությունը սահմանվեց որպես մի քաղաքականություն, որի նպատակն է բնակչության առանձին խմբերի ոչնչացումն ըստ ռասայական, ազգային և կրոնական պատկանելության ինչպես ուղղակի սպանության միջոցով, այնպես էլ այդպիսի խմբերի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ հասցնելու և մտավոր խանգարումներ պատճառելու ճանապարհով: Այդ հասկացողության մեջ մտնում է նաև կանխամտածված կերպով կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք նպատակաուղղված են այդ խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը, այնպիսի միջոցների կիրառում, որոնք հետապնդում են այդ միջավայրում ծննդաբերության կանխումը, երեխաներին մարդկանց մի խմբից մեկ այլ խմբի բռնի հանձնելը և այլն: Ընդհանուր գծերով այսպիսին է ՄԱԿ-ի ցեղասպանության ժամանակակից հասկացողության սահմանումը, որը չի վիճարկվում որևէ մեկի կողմից:

 

ՀՀ քրեական օրենսգրքի սահմանմամբ՝ ցեղասպանությունը, այսինքն՝ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով՝ այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել