Անձնական խուզարկությունը` որպես խուզարկության առանձին տեսակ, անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները և փաստաթղթերը որոնելուն և վերցնելուն ուղղված գործողությունն է:
ՀՀ Քրեական դատավարության օրենգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինությունում խուզարկություն կատարելիս բավարար հիմքերի առկայության դեպքում քննիչը կարող է կատարել անձնական խուզարկություն և վերցնել այդտեղ գտնվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները և փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
Տարբերում ենք անձնական խուզարկության հետևյալ տեսակները`
- անձնական խուզարկություն, որը կատարվում է քննիչի առանձին որոշման հիման վրա, երբ առկա են օրենքով սահմանված բավարար հիմքերը.
- անձնական խուզարկություն, որը կատարվում է շինությունում խուզարկություն կատարելիս` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ, առանց առանձին որոշման կայացման.
- անձնական խուզարկություն` առանց այդ մասին որոշում կայացնելու, օրենքով սահմանված հատուկ հիմքերի առկայության դեպքում:
Անձնական խուզարկությունը, առանց այդ մասին որոշում կայացնելու, կարող է կատարվել՝
1) հանցագործության մեջ կասկածվողին բռնելիս և ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին բերելիս.
2) հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալելիս և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելիս.
3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն շինությունում գտնվող անձը, որտեղ խուզարկություն է կատարվում, իր մոտ կարող է թաքցնել փաստաթղթեր կամ այլ առարկաներ, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
Անձնական խուզարկությունը կարող է կատարվել քննիչի կողմից՝ խուզարկվողի հետ նույն սեռի ընթերակաների և մասնագետի մասնակցությամբ: Ընդ որում, անհրաժեշտ է որպեսզի անձնական խուզարկություն կատարելիս պահպանվեն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ (անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը) և 11-րդ (անձի անձեռնմխելիությունը) դրույթները: Դրանց պահպանման պահանջ է ներկայացնում նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) դրույթները:
Աղբյուրը` Իրավաբան.net