Ամերիկյան պտուտակախաղի «իրավական կարգավորումը»

ՀՀ կառավարության 2004թ. որոշմամբ կարգավորվել են խաղատների բնագավառում կենդանի խաղ (խաղեր) անցկացնող կազմակերպիչների միջև, ինչպես նաև այդ կազմակերպիչների և կենդանի խաղ (խաղեր) խաղացողների միջև փոխհարաբերությունները:

 

Այժմ խոսենք ամերիկյան պտուտակախաղի մասին:

 

Եվ այսպես` պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղացողները դնում են խաղանիշերը (խաղագումարները):

 

Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքին մասն իր հերթին բաժանված է 37 թվի` 0-36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով: Պտուտակախաղ խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր, այնուհետև, մոտենալով խաղասեղանին, դրանք փոխարինել գունավոր խաղանիշերով (սեղանի վրա գունավոր խաղանիշերի արժեքը սահմանվում է խաղացողի կողմից, որը ցուցադրվում է խաղասեղանի անկյունում գտնվող հատուկ ցուցանակի վրա): Խաղալու ընթացքում խաղացողը կարող է նաև տեղում ձեռք բերել խաղանիշեր` խաղարկողին վճարելով խաղանիշերի արժեքին համապատասխան գումար:

 

Խաղացողները կարող են լինել նվազագույնը մեկ, իսկ առավելագույն խաղացողների թիվը պայմանավորված է խաղանիշերի գույների թվով: Կարևոր է այն հանգամանքը, թե պտուտաձողի սեղանի վրա խաղացողը որտեղ է տեղադրում խաղանիշը կամ խաղանիշերը: Խաղանիշի ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է: Խաղարկողը պտտում է պտուտաձողի անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ: Ընդ որում, խաղարկողն իրավունք չունի խաղի ընթացքում փոխելու պտուտաձողի անիվի և սպիտակ գնդիկի ուղղություններն այնքան ժամանակ, քանի դեռ խաղացողը խաղում է: Խաղանիշերը կարող են դրվել պտուտաձողի սեղանին մինչև խաղավարի` «Խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը: Երբ գնդակը կանգնում է, խաղարկողը հայտարարում է հաղթող համարը: Սկզբում սեղանն ազատվում է պարտված խաղագումարներից, որից հետո հաղթողներն ստանում են իրենց հասանելիք գումարները: Այդ ժամանակահատվածում զգուշացվում է խաղասեղանին ձեռք չտալ և սպասել մինչև խաղարկողը չհայտարարի` «Դրեք խաղագումարները»: Նույն վանդակում խաղագումար կարող է դնել մի քանի խաղացող:

 

Երբ գնդակը դուրս է ընկնում պտուտակի դաշտից, ապա խաղացողներն իրավունք ունեն փոփոխելու դրված խաղագումարների մեծությունները և դրված խաղագումարների դաշտերը: Երբ տեղադրված է (են) խաղագումար(ներ) 1-18-ի, 19-36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա, և գնդակը կանգ է առնում 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարներն անցնում են խաղարկողին:

 

Չմոռանանք, որ սա ընդամենը խաղ է և չպետք է չարաշահվի:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել