Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 4-րդ օրն է շարունակվում է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Արցախի նախագահները ներկայացրին իրենց երաշխավորությունը, որից հետո Ռոբերտ Քոչարյանը ցանկություն հայտնեց շարունակել իր ելույթը:
«Ես խնդրում եմ թույլ տալ մի դրվագ ասել փակ դռների հետևում: Կխնդրեմ միայն Արցախկի 2 նախագահները մնան: Հրապարակմանս նյութը նրանց է վերաբերում: Նրանք այդ գաղտնիքը կրողն են»,-նշեց Քոչարյանը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ նախ դատարանը պետք է քննարկի նիստի մի մասը դռնփակ անցկացնելու հարցը:
«Դռնփակի մասին որոշում կայացնելու դեպքում այդ նիստին կարող են մասնակցել միայն կողմերը»,-նշեց դատավորը և սկսվեց միջնորդության քննարկումը:
Ռոբերտ Քոչարյանի ելույթի առաջին և երկրորդ մասերը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: