Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 4-րդ օրն է շարունակվում է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Արցախի նախագահները ներկայացրին իրենց երաշխավորությունը, որից հետո Ռոբերտ Քոչարյանը ցանկություն հայտնեց շարունակել իր ելույթը:
Քոչարյանը նշեց, որ դատախազությունը իր անձեռնմխելիության կոպիտ խախտում է թույլ տվել:
«Շարքային կադաստրի աշխատողը նույնը կաներ, եթե օրենքը չկարդար»,-ասաց Քոչարյանը, ինչը հուզեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Դատախազը կոչ արեց արտահայտություններում ավելի զուսպ լինել:
Քոչարյանը նշեց, որ Արթուր Դավթյանը հայտարարության իրավունք չի խնդրել, թող նորը հայցի դատարանի ու նոր խոսի:
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին ասաց, որ դատավորը թույլ է տալիս ցանկացած պահի ընդհատել իրենց ցանկացած խոսք. «Ես ինձ թո՞ւյլ չեմ տվել որևէ մեկի խոսքը ընդհատել կեսից, վեր կենալ ու բռի ձևով միջամտել»:
Դատավորը դիմեց Ալումյանին և ասաց. «Չափի մեջ եղեք, պարոն Ալումյան»:
Արթուր Դավթյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին և ասաց, որ դատախազությունը իր պարազաբանումները կներկայացնի նրա և նրա փաստաբանական թիմի ներկայացրած փաստարկների վերաբերյալ. «Կոչ եմ անում հայտարարությունները անել միայն իրավական դաշտում, առանց հուզական արտահայտությունների և դիրքորոշումների»:
Քոչարյանը արձագանքեց. «Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ որևէ կապ չունի, ինչ ուզեմ նա էլ ասելու եմ և նստած լսելու ես»:
«Փորձեք»,-նշեց գլխավոր դատախազը:
Քոչարյանը հայտնեց, որ իր համար չափազանց վիրավորական է, երբ ասում են, որ նա կարող է փախչել:
Ռոբերտ Քոչարյանի ելույթի առաջին և երկրորդ մասերը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: