Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը և զինդատախազությունը. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպան Հայկ Ալումյանը անդրադարձավ վկա Արշակ Կարապետյանի ցուցմունքին՝ մեջբերելով նրա ցուցմունքից:

«Արշակ Կարապետյանն ասել է. «Իմ հիշելով 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ և ոստիկանության  բարձրաստիճան  ղեկավարների,  ուժային  կառույցների վարչության և առանձին բաժինների պետերի մասնակցությամբ   խորհրդակցություն է անցկացրել,  եթե չեմ սխալվում,  մինչև ՊՆ ստորաբաժանման ղեկավար դահլիճ ներս մտնելը, նախագահը առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիականության ղեկավարության հետ: Տվյալ ուժային կառույցների անձնակազմի դուրս գալուց հետո մեր՝  ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել՝ այդ թվում նախարար Միքայել Հարությունյանը: Ի դեպ, որքան հիշում եմ, մասնակցում էին այդ ուժային կառույցների միայն ղեկավարները: Քոչարյանի հետ սենյակում էր նաև Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված իրավիճակում»»,-մեջբերեց փաստաբանը:

Դատախազները առարկություն ներկայացրեցին  ցուցմունքը դատարանում ամբողջությամբ կարդալու համար: Դատախազը կրկին առարկություն ներկայացրեց, որ եթե մեջբերում է կատարվում, ապա պետք է ներկայացվեն վերաբերելի մասերը: Դատարանը ընդունեց առարկությունը այն առումով, որ ցուցմունքները ամբողջական չհրապարակեն, այլապես ամիսներ կտևի դատական նիստը՝ հորդորելով ներկայացնել մեջբերումները կոնկրետ, առարկայական:

Արձագանքեց նաև Ռոբերտ Քոչարյանը. «Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը և դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը և զինդատախազությունը: Սա է պատճառը: Եթե մտածում եք, թե մեջբերում է, ամեն մի ցունցմունքը 10-15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Եթե մեջբերումի տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ չես կարող արտահայտել այն, ինչն ուզում է միտքն ասել: Կրկնում եմ, պատճառը մեկն է, եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը մենք չէինք ունենա: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»,-նծեց նա:

Հայկ Ալումյանը այնուհետև ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը և Արշակ Կարապետյանի ցուցմունքում նշված անձիք հերքել են այդպիսի խորհրդակցության անցկացումը:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ հրապարակվում են ցուցմունքի այն հատվածները, որոնք գաղտնի են: Ալումյանը նշեց, որ առաջին անգամ է, որ դատարանը և մեղադրական կողմը փորձում են իրեն ասել, թե ինքը իր խոսքն ինչպես կառուցի:

Ալումյանը նշեց, որ ցուցմունքներից պարզ է դառնում, որ ցույցերի պարագլուխները փորձում էին բանակի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններ անցկացնել՝ իրենց կողմը տանելու համար: «Այս վկայությամբ Արշակ Կարապետյանը նշում է, որ փորձ է արվել ցույցերի կազմակերպիչների կողմից  բանակը ներգրավել, և խորհրդակցությունը հրավիրվել է դա կանխելու հանար»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել