ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Հ.Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին: Ավելի վաղ հայտնել էինք՝ 2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: Հայկարամ Ղևոնդյանն էլ, ըստ նախնական տվյալների, իր մեքենայով ևս մեկ անգամ վրաերթի էր ենթարկել նշված քաղաքացուն:
Նախաքննության ընթացքում պայմանագրային զինծառայող Արայիկ Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: