Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։
Զեկույցի կետերից մեկը վերաբերում է աղքատության հաղթահարմանը։
Նշվում է, որ կառավարության առաջին քայլերից է եղել կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացված փոփոխությունը, որի շնորհիվ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականորեն նվազել է: Կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումներից հետո ևս շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա:
Բանակցությունների միջոցով հնարավոր է դարձել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել առնվազն 20-ական տոկոսով, իսկ խմելու ջրի սակագինը չի բարձրացել բոլոր սպառողների համար:
Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման օրինագիծ, որը վերաբերում է 2012-2017 թթ. ընթացքում կատարված երթեւեկության կանոնների վարչական իրավախախտումներին: Համաներման գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 13,7 մլրդ դրամ, վարչական պատասխանատվությունից ազատվել է շուրջ 150 հազար քաղաքացի:
ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության շնորհիվ հաջողվեց բարելավել շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը: Համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո 2018 թվականի օգոստոսից սկսած ՀՀ առևտրային բանկերն իրականացրել են ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների ներում , որի շնորհիվ մինչ օրս ներվել են շուրջ 19,000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 9,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:
ՀՀ կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ ՀՀ հիփոթեքային շուկայում իրականացվող վարկավորման ծրագրերում էական բարելավումներ է արել, որոնց արդյունքում ավելացել են հիփոթեքային վարկավորման ծավալները և հիփոթեքային վարկերի հասանելիության մակարդակը:
2018-ի ընթացքում «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից հիփոթեքային վարկերի հասանելիության խորացման նպատակով իրականացվեցին ծրագրային վարկերի ընդհանուր պայմանների փոփոխություններ՝ պարզեցնելով վարկավորման ընդհանուր պայմանները։ Նշված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում 7,5% կանխավճարով և 35 տարի մարման ժամկետով: Մյուս կողմից, 30 տարեկանից բարձր անձանց (ամուսնացածներ և չամուսնացածներ) համար գործում է կանխավճարի 10% հնարավորություն, եթե դրվում է երկրորդ գույքը որպես գրավ կամ ձեռք է բերվում կանխավճարի ապահովագրություն։
2018-ի ընթացքում էական բարելավումներ են իրականացվել նաև «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» սոցիալական ծրագրի ներքո, որոնք ուղղված են եղել հիփոթեքային վարկերի մատչելիության բարձրացմանը՝ ստեղծելով նաև նոր հնարավորություններ նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար:
Մասնավորապես փոփոխվել է ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը՝ գործող 65 տարվա փոխարեն դառնալով 70 տարի, իսկ վարկավորման տարեկան տոկոսադրույքը երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանների դեպքում սահմանվել է առավելագույնը 9,5%` նախկին 10,5%-ի փոխարեն, ընդ որում տոկոսագումարների սուբսիդավորումից հետո վարկառուների համար առավելագույն տարեկան տոկոսադրույքը Երևանում և ՀՀ մարզերում կազմելու է համապատասխանաբար՝ 7,5% և 5,5%:
Վարկառուների համար ստեղծվել է նաև նոր հնարավորություն նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար . վարկառուները կարող են ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ առավելագույն արժեքով բնակարաններ 7,5% տարեկան տոկոսադրույքով (եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ, սա ըստ էության անուղղակի սուբսիդավորում է) և մինչև 30 տարի մարման ժամկետով: Ընդ որում, ծրագրի ներքո ներդրվել է նաև նոր հնարավորություն, և վարկառուները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր 10% կանխավճարով, եթե ձեռք են բերում հիփոթեքային պարտավորության ապահովագրություն բնակարանի արժեքի մինչև 20%-ի չափով (իսկ նորակառույց շենքերում՝ բնակարանի արժեքի մինչև 10%-ի չափով):
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2018 թ. ընթացքում ՀՀ-ում տրամադրված ծրագրային հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թ. նկատմամբ աճել է շուրջ 20%-ով, իսկ միջին կշռված տոկոսադրույքները նվազել են՝ տատանվելով 10,5%-ի շուրջ, նախկին 12,5%-ի փոխարեն: Փոփոխությունների արդյունքները ավելի ակնհայտ են դարձել 2018-ի տարեվերջին, հատկապես «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրում իրականացված փոփոխություններից հետո: Մասնավորապես 2018 թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով, իսկ 2019 թ. հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 131%-ով: Ընդ որում՝ նշված ծրագրով վարկավորման միջին կշռված տոկոսադրույքները նվազել են՝ 2018 թվականի հունվարի 8,7%-ից դառնալով 2019 թվականի հունվարին 7,3%: Սա նշանակում է, որ ՀՀ առևտրային բանկերը փաստացի ավելի ցածր տոկոսադրույքով են տրամադրում վարկերը, որը սուբսիդավորումից հետո կարող է տատանվել 3,0-3,5%, օրինակ՝ ՀՀ մարզերում:
Շուրջ 20 հազար կենսաթոշակառուների ու 65 հազար նպաստառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու և կենսամակարդակը բարելավելու նպատակով կառավարությունը 2019 թ. հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանել է 25500 դրամ (թվարկված անձանց գերակշիռ մասը նախկինում ստացել է 16,000 դրամ): Միևնույն ժամանակ կառավարությունը նախաձեռնել է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որը 2019 թ. համար ծայրահեղ աղքատության գծի ակնկալվող մակարդակին հավասար սահմանվել է 25500 դրամ:
Ծնելիության խրախուսման նպատակով կառավարությունը եռապատկել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ այն սահմանվելով 150 հազար դրամ:
Կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի աղետի գոտու խնդիրների իրական պատկերի ուսումնասիրությամբ և կներկայացնի համապարփակ լուծումներ:
Տարածքային համաչափ զարգացման և սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018 թվականի ընթացքում հավանության են արժանացել 180 սուբվենցիայի հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 6,832 մլրդ ՀՀ դրամ: Նշված ծրագրերն ուղղված են ասֆալտապատմանը, մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների, երաժշտական դպրոցների կառուցմանն ու վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի անցկացմանը, փողոցային էներգախնայող լուսավորության անցկացմանը, զբոսայգիների, խաղահրապարակների, հրապարակների, այգիների ստեղծմանն ու բարեկարգմանը, կոմունալ և գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը։