Արցախ-Ադրբեջան շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում․ կառավարությունը գնահատում է իր աշխատանքը

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։

Զեկույցի կետերից մեկը վերաբերում է արտաքին և ներքին անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը:

Կառավարությունը նշել է, որ նրան հաջողվել է ապահովել ՀՀ-ի արտաքին և ներքին անվտանգությունը։ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում։

«Կառավարությունը ջանքեր է գործադրել զինված ուժերի մարտունակության բարձրացման և Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Իրականացվել են կոնկրետ քայլեր և միջոցառումներ սպառազինության համալրման, արդիականացման և ժամանակակից ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ ՍՈւ-30ՍՄ բազմագործառույթ կործանիչների) ձեռքբերման ուղղությամբ»,-նշվում է զեկույցում և հավելում, որ երկրում հաստատված ժողովրդավարական կայունությունը նպաստել է իրավապահ համակարգի նկատմամբ հանրային ընկալումների փոփոխմանը և վստահության ամրապնդմանը:

Զեկույցում ասվում է նաև, որ հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերից խուսափելու սկզբունքին՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային բարձր հեղինակության կապիտալացման, ինչպես նաև տարբեր ուղղություններում ՀՀ արտաքին քաղաքականության ակտիվացման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ (այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակրպության 17-րդ գագաթաժողովի անցկացում):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել