Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով կրթության և գիտության նախկին փոխնախարարն էր, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բուհերի քաղաքականացվածության և չքաղաքականացվածության մասին:
«Գրառման համար հիմք հանդիսացավ նաև որոշ քննարկումներ և ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները, ինչպես նաև իմ նախկին աշխատավայրում ունեցած ուղղակի դերը այս գործում:
Եվ այսպես, բավական է հայացք գցել բուհերի կառավարման խորհուրդների կազմերի վրա և տեսնել, որ նույնիսկ կառավարության կողմից ներկայացվող անդամները, որոնք պետք է լինեն կառավարչական մարմնի անդամներ, ոչ բոլորն են կուսակցական կամ եթե նույնիսկ կուսակցական են, չեն ներկայացնում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Առավել մանրակրկիտ նայելու դեպքում խորհուրդների կազմերում կգտնեք Հանրապետական կուսակցության կամ այլ կուսակցությունների անդամների: Սա պարզորոշ ցույց է տալիս, որ ցուցակը կազմելիս առաջնահերթություն չի տրվել ընդհանրապես կուսակցական պատկանելիությանը և որպես սկզբունք ընդունվել է մեկ գործոն՝ պրոֆեսիոնալիզմը:
Խորհուրդներում չեն ընդգրկվել փոխվարչապետերը կամ նախարարները: Խորհուրդների նախագահները ընտրվել են ոչ կառավարչական մարմնի անդամներ: Խորհուրդների նորընտիր նախագահները և անդամները պետք է բուհի հետ կապը պաշտպանեն ոչ միայն ընտրությունից ընտրություն կամ հաշվետվությունից հաշվետվություն, այլ մշտական կապի մեջ գտնվելով բուհի հետ և փորձելով լուծել բուհի առջև ծառացած խնդիրները:
Այդուհանդերձ, պետք է նշել, որ բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո բուհերը առավել լայն ինքնավարություն կստանան, երբ կառավարման խորհուրդը իրապես կդառնա հոգաբարձուների խորհուրդ և այդ խորհուրդներում կընդգրկվեն նաև արտասահմանյան հայտնի գիտնականներ և ինչու ոչ՝ գործարարներ:
Հայաստանյան բոլոր բուհերի խորհուրդների և ռեկտորների առաջնահերթ խնդիրների պետք է լինի ոչ միայն ուսումնական պրոցեսի պատշաճ իրականացումը, այլ նաև՝ անձեռնմխելի ֆոնդերի (endowment fund) ստեղծումը:
Այս ամենը իհարկե դրական առաջընթաց է, բայց հասկանալի է, որ սա դեռ սկիզբն է ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալու համար դեռ հսկայական աշխատանք ունենք անելու: Այս գործում կառավարությունը կարող է միայն լինել օգնողի դերում, իսկ հիմնական մասը պետք է իրականացվեն բուհերի ղեկավարությունների կողմից: Բուհերի ղեկավար կազմից շատերը նախկինում ձախողել են իրենց գործում, ինչ ենթադրում է, որ նոր և երիտասարդ անդամներով համալրված նոր ղեկավար կազմերը պետք է հնարավորինս ու անհնարը անեն նոր բուհական միջավայր ձևավորելու ուղղությամբ»,-գրում է պատգամավորը: