2019 թվականի հունվարի 14-ից 20-ը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գործուղվել էր ԱՄՆ: Գործուղման նպատակն էր Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության 35-րդ համագումարին մասնակցությունը, որի ընթացքում աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնվել է Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ:
Նշենք նաև, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
Գործուղման վերաբերյալ ներկայացրած հաշվետվության մեջ նախարարը նշել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգներում այցելել եմ Լոս Անջելեսի դպրոցներ՝ նախ ԱՐ. ԴԻ. Վայթ տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Հանդիպել եմ դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստումների վերաբերյալ: Այցելել եմ նաև Շարլոտ և Էլիզ Մերդինյան Հայ-ավետարանական վարժարան, որտեղ տեղի ունեցած միջոցառման ընթացքում հանդես եմ եկել ելույթով: Իմ խոսքում նշել եմ, որ ՀՀ նոր կառավարության համար սփյուռքի հետ համագործակցությունն էլ ավելի կարևոր է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումների համատեքստում, երբ առաջնահերթ է դարձել ԱՄՆ գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի ներգրավումը մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին՝ ընդգծելով սփյուռքի հայկական համայնքների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Այնուհետև այցելել եմ ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարան, ծանոթացել ուսումնական ծրագրերին, ինչպես նաև շրջել դպրոցի լաբորատորիաներում: Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ՀԲԸՄ-ի ավագ դպրոցների աշակերտների ուսումնական պրակտիկան
Հայաստանում, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպելու վերաբերյալ: Բացի այդ, ՀԲԸՄ-ի խորհրդի անդամները բարձրաձայնել են սփյուռքի մասնագետների ներուժը մեր երկրում տեղի ունեցող ծրագրերին ներգրավելու հարցը: Այցելել եմ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել եմ Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի շարք պայմանավորվածություններ:
Հանդիպել եմ նաև համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթր Քաուիի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները: Հրավեր եմ ստացել մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հայկական սփյուռքի թեմայով խորհրդաժողովին, որտեղ հանդես եմ եկել ելույթով:
Այցելել եմ նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարան /USC/, որտեղ շրջել եմ համակարգչային գիտության լաբորատորիայում, այնուհետ ծանոթացել հայագիտության կենտրոնի աշխատանքներին: Զրույց եմ ունեցել կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարյանի հետ, որի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն է ձեռքբերվել հայկական սփյուռքի հնարավորությունները, կադրերը, ինչպես նաև կենտրոնի հզորություններն ու ներուժը կրթության և գիտության զարգացման ուղղությամբ օգտագործելու վերաբերյալ»,-նշել է նա: