Վալերիյ Օսիպյանը Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ քննարկել է Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասները

Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ:
Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:
Կողմերը խոսել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաև միջազգային լրահոսում:

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում հայ և ղազախ գործընկերները քննարկել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել