Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարապարակել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշել է բավարարել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Նրա փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ դատական ակտն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ դատարան: «Այն հիմքերը, որոնք ներկայացրել էր վարույթն իրականացնող մարմինը դատարանին՝ որևէ քննադատության չէին դիմանում, և անհիմն որոշում է կայացվել»,-նշեց նա։
Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ, ազատվել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։