ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորին ընդառաջ անցնում է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում:
ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերահսկողությունը իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաեւ գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաեւ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի եւ դիտանցումների փոխարեն, Հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի:
Միաժամանակ, գերիշխող տնտեսվարողներին հորդորում ենք գործել բարեխիղճ եւ զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից: Հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետեւելու է մինչ Ամանոր եւ նաեւ հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը:
Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: