ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը անդրադարձել է Մանվել Գրիգորյանի գործով դատախազության անունը շահարկման փորձերին.
«Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վարույթն իրականցնող մարմիններին մեղադրելով նախաքննության անհարկի ձգձգման, իսկ դատախազությանը՝ անգործություն ցուցաբերելու մեջ: Քանի որ նմանատիպ մեկնաբանության հանդիպեցի նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան պատին, իմ էջում տեղադրում են Նորայր Նորիկյանի գրառման ներքո արված իմ պատասխան-մեկնաբանությունը:
Պարոն Նորիկյան, հասկանում եմ, որ ֆեյսբուքը լավ տարածք է՝ զգացմունքային ելույթներով հանրային կարծիք գեներացնելու համար: Այս իմաստով զարմացած չեմ, որ անգամ լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, կարող եք քրեական գործի նյութերին, նախաքննության ընթացքին, իրականացվող քննչական, դատավարական ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծավալին տեղյակ չլինելով՝ ձեզ իրավունք վերապահել վարույթն իրականացնող մարմիններին մեղադրել անգործության մեջ:
Մինչդեռ փաստաբան լինելով՝ չեք կարող չիմանալ, որ նման բազմադրվագ և բազմածավալ քրեական գործի նախաքննությունը չի կարող շուտ ավարտվել: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության տարածքում իրականացվում են բազմաթիվ գործողություններ, գործով նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս ստացված չեն:
Ավելորդ է, թերևս, նշել, որ նման պայմաններում հիմնավորված չեն Մանվել Գրիգորյանին առնչվող քրեական գործով նախաքննության ողջամիտ ժամկետը չպահպանելու, առավելևս դատախազությանն անգործության մեջ մեղադրելու մասին օդից վերցված ձեր պնդումները:
Երիցս պնդում եմ, որ անընդունելի է սոցիալական ցանցերի տարածքը խիստ սուբյեկտիվ, չհիմնավորված մեկնաբանություններով որևէ մեկի, այդ թվում նաև դատախազության դեմ հանրային տրամադրություններ գեներացնելու գործելակերպը»: