«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներն այսուհետ կտարածվեն նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների վրա: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Արենի գյուղը սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկվելու առաջարկությունն արվել է՝ հաշվի առնելով բնակավայրի և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը հակառակորդի առաջնագծից։ Արդյունքում կբարելավվի Արենի բնակավայրի ընտանիքների կենսապայմանները. նրանք կստանան բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցում։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է Դիլիջանի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 40,326.1 հազ. դրամ ֆինանսական միջոցներն ուղղել Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: Հիմնավորման համաձայն՝ Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհը երկար տարիներ հիմնանորոգման չի ենթարկվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի Թախտա թաղամաս տանող ճանապարհը հիմնանորոգել՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին։
Կառավարությունը որոշել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվաուղու, սանհանգույցների և ոռոգման ցանցի կառուցման գծով իրականացվելիք աշխատանքների համար գումար հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է նպաստել քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբոսաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները, վերականգնել մշակութային օբյեկտները, բարենպաստ պայմաններ ստեղծել զբոսաշրջության զարգացման համար:
Կառավարության որոշումներով ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով գումար կհատկացվի մարզպետարաններին՝ համայնքների ներկայացրած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացման ուղղությամբ որակի վերահսկողությունը: «Հատկապես ճանապարհների առումով դա կարևոր է: Եթե մենք փող ենք ծախսում՝ ճանապարհ նորոգում, որը չի ծառայելու այնքան, որքան նախատեսված է տեխնիկական առաջադրանքներով, ապա սա նշանակում է, որ մենք երբեք մեր ճանապարհային ցանցի հարցը չենք լուծելու: Այսինքն, եթե մենք փող ենք ծախսում այն հաշվարկով, որ այդ ճանապարհը պետք է 10 տարի ծառայի, բայց ծառայում է 5 կամ 7 տարի, ապա դա նշանակում է, որ մենք անընդհատ ճանապարհի խնդիր ենք ունենում: Եվ այստեղ պետք է ամենաբարձր ստանդարտներն ապահովվեն և որևէ կոմպրոմիս պետք է չլինի: Հայտնի է, որ ճանապարհներն ամենալավ տեղն են ձեզ հայտնի մեխանիզմները գործարկելու համար և պետք է ուղղակի արմատախիլ անենք դա, որովհետև դա կոնկրետ ռազմավարական նշանակության հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ չարաշահումների դեպքերը պետք է պարտադիր ուղարկվեն իրավապահ մարմիններին, պարտադիր պատշաճ քննության արժանան, որին պետք է հետևի պատասխանատվությունը: «Մեր հարգելի ճանապարհաշինարարները պետք է այս արձանագրումն անեն կամավոր և սրանից հետևություններ անեն, որպեսզի մենք բարդությունների առաջ չկանգնենք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև միջպետական ճանապարհների սպասարկումը ձմռան ընթացքում պատշաճ իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներից: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ սպասարկումը ողջ ձմռան ընթացքում պատշաճ կիրականացվի: «Միջպետական ճանապարհների սպասարկմանը պատրաստ ենք, այդ թվում՝ տեխնիկայի առումով: Որոշ հատվածներում բանակցությունների մեջ ենք, քանի որ որոշ խնդիրներ կան սպասարկողների հետ կապված»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նախանշված են բոլոր վտանգավոր կետերը, որտեղ համագործակցում են արտակարգ իրավիճակների նախարարության հետ: