Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
«Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք է ապահովենք հավասարություն բոլորի համար: Եթե չի թույլատրվում, ապա պետք է անհապաղ հեռացվեն և կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաև բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին զգուշացնեն և թույլ չտան նման ապօրինություններ»,-նշել է քաղաքապետը:
Խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցել են, որ ձեռնարկված են անհրաժեշտ քայլերը` 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: 475 տեղամասային կենտրոններից 308-ում աշխատանքներն ավարտված են, իսկ 157-ում թեքահարթակների տեղադրումն անհնար է, որովհետև տեղամասերը գտնվում են շենքերի 2-րդ հարկում: Այս շենքերում խնդրին իրավիճակային լուծում կտրվի:
Մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է նախևառաջ գույքագրել բոլոր շինհրապարակները, վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը, ապա՝ շինարարական կազմակերպություններին ուղարկել նախազգուշացումներ և առավել ուժեղացնել հսկողությունը:
«Վստահ եմ, որ գրեթե բոլոր շինհրապարակներում այսօր չեն պահպանվում նորմերը: Մենք պետք է շատ կոշտ արձագանքենք այս ամենին: Պետք է նախ գույքագրել շինհրապարակները, կատարել ուսումնասիրություններ և սկսել պահանջել շինարարության պատասխանատուներից»,-ընդգծել է Հայկ Մարությանը: