Երկհարկանի շինության միայն մի մասն է քանդվել, որը համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում է եղել․ Հակոբ Կարապետյան

Ինչպես արդեն հայտնել էինք, Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից։

«Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետեւ կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին՝ սպասել վճռին: Այնուհանդերձ, առերեւույթ կառույցը ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ:

Արձագանքելով մի քանի մեկնաբանությունների, նշեմ նաեւ, որ սա ոչ առաջին, ոչ էլ միակ ապօրինի շինությունն է, որը պետք է ապամոնտաժել: Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին: Նոր Նորքի այս կառույցը, թերեւս առանձնանում է նրանով, որ կառուցապատողը ակնհայտ անհարգալից վարք է դրսեւորում օրինականության նկատմամբ եւ, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը: Այնպես որ, որեւէ խտրական, թիրախավորված մոտեցում չկա՝ ապօրինի կառուցապատման վերաբերյալ մոտեցումը ընդհանուր է՝ ապօրինի շինարարություն Երեւանում ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ:

Միեւնույն ժամանակ, քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հայտարարել է, որ օրինական շինարարություն իրականացնելու ընթացակարգը հնարավորինս պարզեցվում է: Ստացեք շինթույլտվություն, համապատասխանեցրեք նորմերին ու կառուցեք ոչ մի խնդիր չկա»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել