Ալկոհոլի գովազդը կսահմանափակվի. նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունը «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել հանրայաին քննարկման, որով նախատեսվում է սահմանափակել ալկոհոլի գովազդը՝ կրճատելով ալկոհոլի սպառումը թիրախ խմբերի շրջանում, նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առողջության վրա։

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Բնակչության առողջության պահպանումը` ալկոհոլի չարաշահման կանխարգելման միջոցով, հանրային առողջության կարևորագույն խնդիրներից է, այն ՄԱԿ-ի կայուն զարգացման առանցքային թիրախներից (թիրախ 3.5) մեկն է:

Ալկոհոլի հետևանքով առաջացած վնասը պայմանավորված է վերջինի սպառման ծավալներով, խմելու ձևով (հաճախականությամբ) և ալկոհոլի որակով: Ալկոհոլի չարաշահումը պատճառ է հանդիսանում ավելի քան 200 հիվանդության և վիճակի, որոնցից առավել արդիական են կախվածությունը, լյարդի ցիրոզները, քաղցկեղը և վնասվածքները:

Միջազգային վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում գրանցված բոլոր մահերի շուրջ 5.9%-ի պատճառ է ալկոհոլի օգտագործումը: 2012թ-ին 139 մլն հաշմանդամության ճշգրտված կյանքի տարիների կամ գլոբալ հիվանդությունների և վնասվածքների բեռի 5.1%-ը պայմանավորված են եղել ալկոհոլի օգտագործմամբ:

Համաձայն ԱՀԿ տվյալների Հայաստանում 2014թ.-ին ալկոհոլի սպառումը 15 և բարձր տարիքային խմբում կազմել է 3.9 լիտր մաքուր ալկոհոլ մեկ շնչի հաշվով, որը զգալի ցածր է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների ցուցանիշից` 8.6: Այնուամենայնիվ մտահոգիչ է, որ մաքուր ալկոհոլում պարունակվող սպիրտի օգտագործման ցուցանիշը կազմելով 3.3 լիտր մեկ շնչի հաշվով գերազանցում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համանուն ցուցանիշը` 2.5, ընդ որում եթե Եվրոպական երկրներում արձանագրվում է ցուցանիշի կայուն նվազման միտում, ապա Հայաստանում այն ունի բացասական դինամիկա` գերազանցելով օրինակ, Վրաստանի (2.1) և Մոլդովայի ցուցանիշները (2.5): Համապատասխանաբար շեշտակի ցածր է գինու ու գարեջրի սպառումը: Այսպես, գինու սպառումը Հայաստանում կազմում է 0.1 լիտր մաքուր ալկոհոլում 15 և բարձր տարիքի մեկ շնչի հաշվով` Վրաստանում` 2.5, Մոլդովայում` 4.9, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում 2.4, իսկ գարեջրինը` Հայաստանում` 0.5 լիտր 15 և բարձր տարիքի մեկ շնչի հաշվով` Վրաստանում` 1.5, Մոլդովայում` 1.9, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում` 3.4: Վերոնշյալ տվյալներից ակնհայտ է, որ թեև Հայաստանում ակլոհոլի սպառման ծավալները համեմատաբար մեծ չեն, սակայն մտահոգիչ է, որ սպառման կառուցվածքում գերակշռում է թունդ ալկոհոլը:

   Առկա գիտահետազոտական տվյալները վկայում են, որ պոպուլյացիոն մակարդակում մշակված քաղաքականությունները, մասնավորապես` ալկոհոլի գովազդի արգելքը, հանդիսանում է ալկոհոլի չարաշահման դեմ պայքարի առավել ծախսարդյունավետ մեթոդներից` ի շնորհիվ ալկոհոլով պայմանավորված մահերի և հաշմանդամության մակարդակի նվազեցման և այն ընդգրկված է ԱՀԿ «ծախսերի տեսանկյունից առավել օպտիմալ լուծումների» շարքում:[1]

Մի շարք լոնգիտուդային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ այն երիտասարդները, որոնք ենթարկվել են ալկոհոլի մարքեթինգի ազդեցությանը ավելի մեծ հավանականությամբ կսկսեն օգտագործել այն, իսկ նրանք որ արդեն օգտագործում է` կխմեն ավելի շատ: Դրա հետ մեկ տեղ, ալկոհոլի մարքեթինգն ավելի զգալի ազդեցություն է ունենում ցածր և միջին եկամուտներով երկրներում:

Երեխաները, դեռահասները և ծերերը որպես կանոն ավելի խոցելի են ալկհոլի օգտագործման հետևանքով առաջացող վնասից քան բնակչության այլ խմբերը: Վերոնշյալի լույսի ներքո, առանձնահատուկ կարևորություն է ստանում ակլոհոլի օգտագործման կանխարգելումը հատկապես երեխաներին և դեռահասների շրջանում, որի առավել արդյունավետ միջոցներից է ալկոհոլի գովազդի սահմանափակումը հատկապես հեռուստատեսությամբ:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական տարածաշրջանի 12 երկրներում ամբողջությամբ արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հանրային և ազգային, 11-ում` նաև մասնավոր հեռուստատեսություններով: 14 երկրներում գործում են մասնակի սահմանափակումներ` ցուցադրման ժամի և տեղի նկատմամբ: Հարկ է նշել նաև, որ 4 երկրներում արգելված է անգամ գարեջրի, իսկ 6-ում գինու գովազդը: Օրինակ, Ֆրանսիայում ալկոհոլային խմիչքների գովազը հեռուստատեսությամբ ամբողջովին արգելված է դեռևս 1991թ.-ից` «Loi Evin» (Էվինի օրենքի) համաձայն:

Այսպիսով ակնհայտ է, որ մեր հանրապետությունում գերակշռում է համեմատաբար թունդ ալկոհոլային խմիչքների սպառումը, ինչին անուղակի նպաստում են նաև գործող իրավակարգավորումները, ուստի անհրաժեշտություն է առաջանում «Գովազդի մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ` արգելելով թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա բնակչության լայն խմբերի` հատկապես երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման և ոչ վարակիչ հիվանդությունների կարևոր ռիսկի գործոն հանդիսացող ալկոհոլի չարաշահման հետրանքով առաջացող հիվանդությունների թվի նվազեցման վրա:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

     «Գովազդի մասին» ՀՀ օրենքի մինչև 2014թ.-ը գործող խմբագրությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ամբողջությամբ արգելված էր, ինչը նպաստավոր պայմաններ էր ստեղծում ալկոհոլի մարքեթինգի համար առավել զգայուն խմբերի` երեխաների և դեռահասների շրջանում խմելու կանխարգելման համար:

Այնուհետև, «Գովազդի մասին» օրենքի 2014թ.-ի հունիսի 21-ին ընդունված փոփոխությունների արդյունքում, Օրենքի 15-րդ հոդվածի    5-րդ կետի «բ» ենթակետը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ` «զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդի:», ըստ էության թույլատրելով թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը նշված ժամերից դուրս: Հատկանշական է, որ ժամանակահատվածը գործնականում համընկնում է զանգվածային դիտում ունեցող մարզական հեռուստահաղորդումների հետ, որոնց հիմնական աուդիտորիան են երեխաները, դեռահասներն ու երիտասարդները: Սպորտային հեռուստահաղորդումների ժամանակ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը երիտասարդ ունկնդիրների շրջանում կարող է նաև դրական ասոցիատիվ կապ ստեղծել` առողջ ապրելակերպի (սպորտի) և ալկոհոլի չարաշահման միջև, ինչը բացասական ազդեցություն կարող է թողնել վերջինների վարքագծային մոդելի վրա:

Համաձայն ապացուցողական բժշկության տվյալների ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը կախված է ապրելակերպից և առկա ռիսկի գործոնների առանձնահատկություններից, որոնք կարող են նպաստել այդ հիվանդությունների զարգացմանը: Ըստ ԱՀԿ տվյալների ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման գերակշռող մասը պայմանավորված է ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդակարգի և այլ գործոնների վնասակար ազդեցությամբ:

Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ եթե 2012թ.-ին մահացության կառուցվածում առաջատար տեղ զբաղեցնող ոչ վարակիչ հիվանդությունների կարևոր ռիսկի գործոն հանդիսացող ալկոհոլի չարաշահումը[2] հանդիպել է 15 և բարձր տարիքային խմբի տղամարդկանց 11.2%-ի շրջանում, ապա 2016թ.-ին արդեն 16.3%-ի, որոնց մոտ վիճակագրորեն հավաստի կերպով ավելի փոքր են ֆիզիկական կենսունակության ինքնագնահատման ցուցանիշները: Ալկոհոլի օգտագործման խնդիրն առավել մեծ առողջապահական նշանակությունը պայմանավորված է նաև նրանով, որ ծխախոտի օգտագործումը խորացնում է ալկոհոլի օգտագործման և չարաշահման հետ` մի քանի անգամ բարձրացնելով հիվանդությունների զարգացման առաջացման ռիսկը:

Վերջին տասնամյակում տնային տնտեսությունների անվանական սպառողական ծախսերի կառուցվածքում նկատվում է ալկոհոլային խմիչքների վրա ծախսվող գումարների աճ, այսպես եթե 2015թ.-ին տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսը ալկոհոլային խմիչքների ձեռքբերման վրա կազմել է 237 դրամ, ապա 2016թ.-ին այն հասել է 244 դրամի: Հարկ է նշել նաև, որ ալկոհոլի սպառման` ըստ բարեկեցության խմբերի IV (18.8%) և III (19.0%) քվինթիլներում ցուցանիշի արժեքն ավելի բարձր է, քան ցածր բարեկեցությամբ խմբում (13.5%): Ըստ կրթամակարդակի, ալկոհոլի օգտագործման դիտարկվող ցուցանիշն ավելի բարձր է միջին մասնագիտական կրթությամբ անձանց մոտ (21.0%), որին հետևում են միջնակարգ 16.7%) և թերի բարձրագույն (16.2%) կրթությամբ անձինք: Այն ամենացածրն է բարձրագույն (13.6%) և միջնակարգից ցածր (11.1%) կրթամակարդակ ունեցող անձանց խմբերում:

Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով առաջացել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, որի արդյունքում ակնկալվում է բարելավել բնակչության առողջության պահպանումը:

Օգտագործված գրականության ցանկ.

  1. Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017:
  2. Առողջապահության համակարգի գործունեության գնահատում, Հայաստան 2016:
  3. Առողջապահության Համակարգի Գործունեության Գնահատում, 2017:
  4. Global status report on alcohol and health – 2014 ed. WHO:
  5. SDG implementation voluntary national review (vnr) armenia, Yerevan 2018, WHO:
  6. European Health Information Gateway, https://gateway.euro.who.int/en/hfa-explorer/:
  7. Status report on alcohol and health in 35 european countries, 2013, WHO:
  8. «Решения, оптимальные по затратам и другие рекомендуемые мероприятия», ВОЗ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը:

          Միջազգային փորձը, հիմնավորված ազգաբնակչության շրջանում ալկոհոլային խմիչքների օգտագործման ցուցանիշների վրա վկայում է, որ ալկոհոլի օգտագործման քանակը պայմանավորված է վերջինի գովազդի նկատմամբ գործող սահմանափակումներով:

          Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը, Եվրոպական Միությունը և այլ կառույցների քաղաքականությունը ալկոհոլի օգտագործման նկատմամբ միտված է կանխարգելելու և նվազեցնելու վերջինի սպառումը` հատկապես երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում։ Վերոնշյալ քաղաքականության համատեքստում, Գովազդի մասին օրենքում կատարելով համապատասխան փոփոխություններ նախատեսվում է սահմանափակել ալկոհոլի գովազդը՝ կրճատելով ալկոհոլի սպառումը թիրախ խմբերի շրջանում, նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առողջության վրա։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Օրենքի փոփոխության նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության կողմից:  

  1. Ակնկալվող արդյունքը:

Օրենքի փոփոխության նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է նվազեցնել Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ալկոհոլի օգտագործումն ու չարաշահումը, ինչպես նաև ալկոհոլի չարաշահման արդյունքում առաջացող բնակչության առողջությանը պատճառված վնասը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել