Ինչու՞ է առողջապահության նախարարությունը դադարեցրել «Ուլտրաիմիջինգ» ընկերության լիցենզավորված գործունեությունը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան համացանցում հայտնված տեղեկատվության, թե առողջապահության նախարարությունն անհասկանալի պատճառներով  դադարեցրել է «Ուլտրաիմիջինգ» ընկերության լիցենզավորված գործունեությունը, հայտնում ենք, որ ընկերության տնօրեն Ռոբերտ Նուրբեկյանի անվամբ ստացված գրությունը մերժվել է ներկայացված փաստաթղթերում հետդիպլոմային կրթության վկայականի բացակայության պատճառով, ինչի մասին գրավոր պատասխանով պատշաճ տեղեկացվել է անձամբ տնօրեն Ռոբերտ Նուրբեկյանին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ վերոնշյալ ՍՊԸ-ի տնօրենի կողմից 25.10.2018թ. առողջապահության նախարարությանը ուղղվել է ևս երկու դիմում և ներկայացվել է փաստաթղթերի լրացված, ամբողջական փաթեթ, ինչին ի պատասխան, օրենքով սահմանված կարգով, նախարարության լիցենզավորման գործակալությունն արդեն պատրաստել է պատասխան` սահմանված ժամկետում այն ներկայացնելու «Ուլտրաիմիջինգ» ընկերությանը:

Պետպատվերի կամայական վերաբաշխման մասին հայտարարություններն առնվազն իրականությունից հեռու են, անձնավորված մոտեցման որևէ խնդիր չկա: Ավելին, պետպատվերի բաշխման սկզբունքներն առավել արդյունավետ և հստակ դարձնելը ներկայիս ամենալուրջ նպատակադրումներից է, ինչի մասին տարբեր առիթներով հայտարարել է նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Ուստի խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից և անցյալ տարիների հին ու նոր խնդիրները չվերագրել ներկայիս նախարարին և նրա վարած առողջապահական քաղաքականությանը:

Արսեն Թորոսյանը սեփական ապահովագրական բիզնես չունի, առավել ևս` ապահովագրական ոլորտում գործող ընկերությունների հանդեպ հատուկ վերաբերմունք: Կարևորելով գործընկերային առողջ հարաբերությունները` խնդրում ենք առաջնորդվել դրանցով: Նախարարը միշտ պատրաստ է լսել ու քննարկել հարցերն ու խնդիրները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել