Որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-3-րդ մասերի՝
1. Կազմակերպությունների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունների) պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ մասին, անհապաղ հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:
Խնամակալության և հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մինչև նրա խնամքի և դաստիարակության կազմակերպման հարցի լուծումը։
2. Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների (որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները) ղեկավարները պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել, եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ըստ տվյալ կազմակերպության գտնվելու վայրի։
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երևանի քաղաքապետի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան, ինչպես նաև ապահովում է երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը:
Մարզպետարանը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք օրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Երևանի քաղաքապետը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա խնամքի և դաստիարակության կազմակերպմանը ընտանիքներում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ամուսնության մեջ գտնվող անձանցից յուրաքանչյուրը պարտավոր է հաշվառվել որպես որդեգրող:
Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել