Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) ծառայության իրականացման կարգը, ինչպես նաև հաստատել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային ծառայության իրականացման կարգը։
Հրամանը ստորագրվել է սեպտմբերի 10-ին, սակայն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 11-ին:
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունները բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար դիսպանսերային (շարունակական) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում են.
1) իրենց սպասարկման տարածքում հաշվառված անձանց (երեխաներին և մեծահասակներին), իսկ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին (երեխաներին և մեծահասակներին)` թմրաբանական հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվություն,
2) իրենց սպասարկման տարածքում հաշվառված թմրաբանական հիվանդների (երեխաների և մեծահասակների).
ա. հաշվառում,
բ. կամավոր դիսպանսերային հսկողություն` հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն,
գ. հարկադիր դիսպանսերային հսկողություն՝ դատարանի որոշման համաձայն,
դ. կամավոր ամբուլատոր բուժում` հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն,
ե. հարկադիր ամբուլատոր բուժում՝ դատարանի որոշման համաձայն,
զ. կամավոր պահպանողական բուժում` հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն,
է. հարկադիր պահպանողական բուժում՝ դատարանի որոշման համաձայն,
ը. կամավոր փոխարինող բուժում՝ առողջապահության նախարարության կողմից տվյալ տարվա համար սահմանված բուժվողների քանակի չափով և հիվանդի գրավոր դիմումի համաձայն,
թ. ըստ ցուցումների լաբորատոր-գործիքային հետազոտությունների անցկացում,
ժ. անաշխատունակության թերթիկների տրամադրում,
ի. ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության,
լ. բժշկական ցուցումների առկայության դեպքում ուղեգրում թմրաբանական ստացիոնար,
3) դատաթմրաբանական փորձաքննության անցկացում՝ իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,
4) զորակոչիկների փորձաքննություն՝ զինվորական կոմիսարիատների ուղեգրերի համաձայն,
5) սթափության վիճակի զննություն` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,
6) մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի կամ բժիշկ-թմրաբանի ուղեգրի համաձայն,
7) իրենց սպասարկման տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող, իսկ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող, բոլոր բժշկական հաստատություններին կազմակերպամեթոդական օգնություն:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման դիսպանսերային (շարունակական) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների սպասարկման տարածքներն են՝
1) Առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն՝ ք. Երևան,
2) «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` ստացիոնարով՝ ք. Գյումրի,
3) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` ստացիոնարով՝ ք. Վանաձոր,
4) «Սյունիքի մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` ստացիոնարով՝ Կապանի տարածաշրջան,
5) «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն հոգեկան առողջության փորձարարական կենտրոն՝ Սևանի տարածաշրջան,
6) Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արարատի, Արտաշատի, Մասիսի, Արմավիրի, Բաղրամյանի, Էջմիածնի, Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Վարդենիսի, Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի, Արթիկի, Գորիսի, Մեղրիի, Սիսիանի, Եղեգնաձորի, Վայքի, Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի տարածաշրջանների առողջության առաջնային պահպանման հաստատություններ՝ յուրաքանչյուրը իր տարածաշրջանը։
3. Թմրամոլությամբ և թունամոլությամբ տառապող անձանց հաշվառումը և դիսպանսերային հսկողությունն իրականացվում է կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման համաձայն:
4. Ալկոհոլիզմով տառապող անձանց հաշվառման վերցնելու հիմքեր են.
1) բժիշկ-թմրաբանի կողմից հաստատված «ալկոհոլիզմ» ախտորոշումը,
2) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն ուղարկված՝
ա. բժշկական կազմակերպություններից հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք` «ալկոհոլիզմ» ախտորոշման վերաբերյալ,
բ. դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը,
գ. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց, ում նկատմամբ ազատազրկման ընթացքում ալկոհոլիզմի բուժման նպատակով կիրառվել է բժշկական (թմրաբանական) բնույթի հարկադրանքի միջոցներ կամ ում մոտ, ազատազրկման ընթացքում, ախտորոշվել է «ալկոհոլիզմ», հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը:
5. Ալկոհոլիզմով տառապող անձանց հաշվառումից հանելու հիմք են՝
1) 2 տարվա կայուն ռեմիսիան (լավացում),
2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որպես այլ պետության քաղաքացի հաշվառվելը` քաղաքացու անձնագրում համապատասխան գրառման առկայության դեպքում,
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելը,
4) մահը:
6. Թմրաբանական հիվանդներին անաշխատունակության թերթիկների տրամադրումը իրականացվում է առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն համատեղ հրամանի համաձայն:
7. Զորակոչիկների փորձաքննությունը իրականացվում է կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման համաձայն։
8. Սթափության վիճակի զննությունն իրականացվում է կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման, ինչպես նաև առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն ու կառավարությանն առընթեր ոստիկանության 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն համատեղ հրամանի համաձայն: Այն բնակավայրերում, որտեղ բացակայում են թմրաբանական բժշկական կազմակերպությունները, վերոնշյալ գործառույթներն իրականացվում են նյարդահոգեբուժական բժշկական կազմակերպությունների թմրաբանների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության թմրաբանի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակված, համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում, համապատասխան որակավորում ունեցող շտապ բժշկական օգնության և սպասարկման կայանների (ենթակայանների) մասնագետների կողմից։
9. Պետության կողմից երաշխավորված անվճար դիսպանսերային (շարունակական) բժշկական օգնության շրջանակներում չի իրականացվում.
1) Եթե անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր։ Այդ դեպքում կամավոր ամբուլատոր բուժումը և կամավոր պահպանողական բուժումը իրականացվում են վճարովի։ Այդ դեպքում ամբուլատոր քարտում հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են հիվանդի կամ նրա խնամակալի խոսքերից։
2) Կամավոր փոխարինող բուժում՝ առողջապահության նախարարության կողմից տվյալ տարվա համար սահմանված բուժվողների քանակը լրացած լինելու դեպքում։ Այդ դեպքում կամավոր փոխարինող բուժումը հիվանդի համաձայնությամբ կարող է իրականացվի վճարովի։
3) Տնային կանչերը և տան պայմաններում կամավոր ամբուլատոր բուժումը և կամավոր պահպանողական բուժումը։ Այդ դեպքում կամավոր ամբուլատոր բուժումը և կամավոր պահպանողական բուժումը իրականացվում են վճարովի։
4) Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1599-Ն որոշման 2-րդ մասի 3-7 կետերի հիման վրա հաշվառված անձանց կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտությունները։ Այդ դեպքում թունաքիմիական հետազոտությունները իրականացվում են վճարովի։
5) Տեղեկանքների տրամադրումը՝
• նարկոլոգիական ծառայությունում հաշվառման վերաբերյալ
• զենքի տիրապետմանը խոչընդոտող նարկոլոգիական հիվանդության առկայության կամ բացակայության մասին։
Այդ տեղեկանքները տրամադրվում են վճարովի։
10. Վճարովի ծառայությունների գները հաստատում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները:
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.
1) թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց կամավոր բուժում՝ հիվանդի կամ նրա խնամակալի գրավոր դիմումի համաձայն,
2) թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց հարկադիր բուժում՝ դատարանի որոշման համաձայն,
3) դատաբժշկական փորձաքննություն՝ իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,
4) զորակոչիկների փորձաքննություն՝ զինվորական կոմիսարիատների ուղեգրերի համաձայն,
5) թմրաբանական հիվանդների ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության,
6) թմրաբանական հետազոտում հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:
2. Թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է առողջապահության նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում թմրաբանական հիվանդությունների բուժման ստանդարտների համաձայն։
3. Թմրաբանական հիվանդություններով տառապող անձանց ընդունելությունը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպություն իրականացվում է պլանային կամ անհետաձգելի կարգով.
1) պլանային ընդունելությունը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպություն իրականացվում է միայն աշխատանքային օրերին և ժամերին, հիվանդի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի և բժիշկ-թմրաբանի ուղեգրի առկայության դեպքում,
2) անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների դեպքում հիվանդների ընդունելությունը իրականացվում է շուրջօրյա՝ զրկանքի համախտանիշի կամ սուր հոգեկան խանգարման առկայության դեպքում, բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ։ Ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ։
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների դեպքում ընդունելության ժամանակ պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի, հիվանդի կամ նրա խնամակալի գրավոր դիմումի և բժիշկ-թմրաբանի ուղեգրի առկայությունը:
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում շարունակելու համար հիվանդը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ և գրավոր դիմում:
4. Թմրաբանական հիվանդների ուղեգրումը բժշկասոցիալական փորձաքննության իրականացվում է առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների 2006 թվականի մայիսի 26-ի N 580-Ն և հունիսի 5-ի N 100-Ն համատեղ հրամանի համաձայն:
5. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, փորձաքննությունները և հետազոտությունները իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:
6. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում թմրաբանական հիվանդների բժշկական օգնությունը և սպասարկումը չի իրականացվում.
1) «Ափիոնային թմրամոլությամբ հիվանդների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտագոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ» մեթոդով բուժումը։ Այդ դեպքում բուժումը իրականացվում է վճարովի։
2) Եթե անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր։ Այդ դեպքում բուժումը իրականացվում է վճարովի, իսկ հիվանդության պատմագրում հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են հիվանդի կամ նրա խնամակալի խոսքերից։
7. Վճարովի ծառայությունների գները հաստատում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները: