Գեղարքունիքի ՔՀԿ-ները քննարկեց սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանիպում Գեղարքունիքի մարզում գործող քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների և «ՓՄՁ համագործակցության ասոցացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանի ու «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցացիա» նախագահ Սաթիկ Բադեյանի հետ:

 Տիգրան Գասպարյանը նախ կարևորեց ոլորտի օրենսդրությանը լիարժեք տիրապետելը, քանի որ այս դեպքում հնարավոր է խուսափել այնպիսի խնդիրներից, որոնք կարող են հանդիպել ինչպես ՔՀԿ-ի ընդհանուր գործունեության, այնպես էլ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ժամանակ: Նա նշեց, որ նաև շատ կարևոր է համագործակցային հարաբերություններ ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, փոխշահավետ համագործակցությամբ հանդես գալ, որն էլ կնպաստի և՛ համայնքի զարգացմանը, և՛ ՔՀԿ-ի առջև դրված նպատակներին հասնելուն:

«Արեգունի» ՍՀԿ-ի նախագահ Գայանե Խաչատրյանը նշեց, որ շատ հաճախ դժվար է գնալ երկխոսության, քանի որ ՏԻՄ-ը դեռևս պատրաստ չէ որպես լիարժեք համագործակից դիտարկել ՔՀԿ-ին, սակայն «Նոր Բայազետ» համայնքի զարգացման, բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Մարուխյանը նշեց, որ յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները, և  կան համայնքներ, որոնք բաց են երկխոսության համար և բազմաթիվ նախաձեռնություններ իրականացվում են  համագործակցության արդյունքում:

Այնուհետև, Տիգրան Գասպարյանը ներկայացրեց «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր դրույթները: Ըստ նախագծի՝ պետության կողմից ստեղծվելու է բիզնես պաշտպանի գրասենյակ, որը հիմանակում 2 ուղղությամբ է աշխատելու՝ 1. Պետական մարմինների և ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև առաջացած խնդիրների քննարկում, եզրակացությունների կազմում, 2. Բիզնես ոլորտի խնդիրների վերհանում և օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես գալ:

Կարևոր է իմանալ այն հանգամաքը, որ  օրենքի սուբյեկտները անմիջապես չեն կարող դիմել բիզնես պաշտպանի գրասենյակ, այլ միայն վարչական մարմին բողոքարկելուց հետո:

Քննարկում ծավալվեց նախագծի վերաբերյալ, ՔՀԿ ներկայացուցիչները հանդես եկան մի շարք պարզաբանման ենթակա հարցադրումներով:

Ապա «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը: Նախ հանդես եկավ հարցադրմամբ՝ արդյոք ՔՀԿ ներկայացուցիչները պատկերացնում են՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը: ՔՀԿ ներկայացուցիչները հիմնականում ներկայացրին կարծիքներ, որոնք առհասարակ տարածված են հասարակությունում, սակայն սխալմամբ նույնացվում են սոցիալական պատասխանատվության հետ:

Սաթիկ Բադեյանն անդրադարձավ առկա իրավիճակին, ինչ խնդիրներ կան ոլորտում և ինչ քայլեր են անհրաժեշտ դրանց հաղթահարման ուղղությամբ: Քանի որ այս ոլորտը Հայաստանում զարգացման նոր թափ է առնում, ՔՀԿ ներկայացուցիչները կարևորեցին ևս մեկ անգամ քննարկել այս թեման:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել