Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այդ օրինագիծը կարգավորելու էր 2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի իրավական հիմունքները: Նախագծով Հրանտ Բագրատյանն առաջարկում էր ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի (3776 մլրդ դրամ) 1 տոկոսի չափով, 2014 թվականի համար` 2012 թվականի ՀՆԱ-ի 1.1 տոկոսի չափով, 2015 թվականի համար` 2013 թվականի ՀՆԱ-ի 1.2 տոկոսի չափով, 2016 թվականի համար` 2014 թվականի ՀՆԱ-ի 1.3 տոկոսի չափով, 2017 թվականի համար` 2015 թվականի ՀՆԱ-ի 1.4 տոկոսի չափով:
Օրենքի նախագծով նախատեսվում էր 2013 թվականից գիտության բնագավառի ֆինանսավորման նկատմամբ սահմանել բազիսային ֆինանսավորման լիմիտ` հոդված 2-ում (ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի (3776 մլրդ դրամ) 1 տոկոսի չափով) նախատեսված ծախսերի մինչեւ 20 տոկոսի չափով: 2014 թվականից գիտության բնագավառի ֆինանսավորման նկատմամբ սահմանել բազիսային ֆինանսավորման լիմիտ` հոդված 3-ում (ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2014 թվականի համար սահմանել 2012 թվականի ՀՆԱ-ի 1.1 տոկոսի չափով) նախատեսված ծախսերի մինչեւ 10 տոկոսի չափով:
Հրանտ Բագրատյանն նաեւ առաջարկում էր 2015 թվականից սկսած բազիսային ֆինանսավորման տողը սահմանել գիտությանը հատկացվող միջոցների ոչ ավելի քան 2 տոկոսի չափով:
Ըստ օրինագծի վերջին` 10-րդ հոդվածի` օրենքն ուժի մեջ էր մտնելու 2013 թվականի հունվարի 1-ից:
«Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման շեշտակի ավելացման եւ դրանով իսկ ՀՆԱ աճի տեմպերի արագացման ու գիտելիքահեն տնտեսության ստեղծման անհրաժեշտությամբ: Գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների կտրուկ ավելացումը, ինչպես նաեւ թեմատիկ ֆինանսավորման շեշտադրումը միանգամից գիտատեխնիկական գործունեությունը կդարձնի տնտեսական ակտիվության տարածք: Կարեւոր է նաեւ, որ դրանով իսկ գիտության կառավարումը կդառնա առավել դեմոկրատական, գիտության կառավարման եւ ֆինանսավորման գործընթացները ամբողջովին կտարանջատվեն»,- նշում է Հրանտ Բագրատյանը` որպես նախագծի հիմնավորում:
Կառավարության կարծիքով օրենքի նախագծում անհրաժեշտ ոչ բոլոր հարցերն են կարգավորված: Մասնավորապես՝ նախագծի վերնագիրը վերաբերում է գիտության ֆինանսավորման չափերին և կարգին, մինչդեռ նախագծում նախատեսված են միայն ֆինանսավորման չափերին վերաբերող դրույթներ, իսկ ֆինանսավորման կարգի մասին դրույթները բացակայում են, ինչպես նաեւ մասամբ պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները: Նախագծի 1-ին հոդվածը սահմանում է, որ սույն օրենքը կարգավորում է գիտության ֆինանսավորման չափերի և կարգի իրավական հիմունքները: Ըստ Կառավարության` այս առումով անհրաժեշտ նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններ, այլ ոչ թե իրավական հիմունքներ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի նիստի N20 արձանագրային որոշմամբ ընդունված Գիտության զարգացման ռազմավարությամբ արդեն իսկ նախատեսված է պետական բյուջեից և տնտեսության մասնավոր հատվածից հատկացվող ֆինանսական ծավալների զգալի ավելացում` 2020 թվականին այն մոտեցնելով միջին եվրո¬պա¬կան չափանիշներին, ֆինանսավորման բազմաձևության օգտագործմամբ, նոր մեխանիզմների ներդրմամբ և արդյունավետության բարձրացմամբ: Սակայն, ներկայացված օրենքի նախագծով ֆինանսավորման չափեր սահմանելը իրատեսական չէ, քանի որ նախ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նման հատկացումներ նախատեսված չեն, և առավել կարևորը՝ պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին է հնարավոր ֆինանսավորման կտրուկ ավելացումը:
Բացի դրանից, նախագծի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված է սահմանել գիտության բնագավառի ֆինանսավորման նկատմամբ բազային ֆինանսավորման լիմիտ՝ 2015 թվականին այն հասցնելով առավելագույնը 2 տոկոսի, ինչն ընդունելի չէ: Օրենքի ուժով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային կամ որևէ այլ ձևով ամբողջ բնագավառի ֆինանսավորման նկատմամբ համամասնություններ սահմանելը նպատակա-հարմար չէ, քանի որ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային ծրագրային, պայմանագրային (թեմատիկ) ծրագրերն ընտրվում ու ֆինանսավորվում են մրցույթային կարգով, համապատասխան փորձաքննության միջոցով: Վերջինս հնարավորություն է տալիս միջոցներն ուղղել գիտության, նրա ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի արդիական ու հեռանկարային խնդիրների լուծմանն ուղղված արժեքավոր ծրագրերի, տարածաշրջանային նշանակության խոշոր գիտատեխնոլոգիական նախագծերի իրականացմանը: Մինչդեռ, նախագծի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով առաջարկված դրույթները կարող են սահմանափակել շատ կարևոր ծրագրեր ֆինանսավորելու հնարավորությունները»,- կարծում է Կառավարությունը:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net