Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը մարզկենտրոն Արտաշատում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և քննարկել Արարատի մարզում առկա խնդիրների լուծմանը և մարզի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ այցի նպատակն Արարատի մարզում իրավիճակին և խնդիրներին ծանոթանալն է: «Արարատի մարզը Հայաստանի ամենախոշոր գյուղատնտեսական մարզերից է: Այստեղ նաև արդյունաբերական ձեռնարկություններ կան` հատկապես սննդի արդյունաբերության ոլորտի, շատ կարևոր է տեղեկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն մարզի բնակիչները, համայնքների ղեկավարները կառավարությունից:
Ընդհանուր առմամբ ես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել խոսել մեր երկարաժամկետ խնդիրների մասին, որոնք հետևյալն են. ըստ էության, մենք այսօր տեղավորվում ենք, պայմանականորեն ասած, ագրարային երկրի ձևակերպման ներքո, և մեր խնդիրն է ագրարային երկրից վերածվել արդյունաբերական երկրի, բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունը երկրի այդպիսի մոդելում իր տեղը չունի: Հակառակը, մենք հույս ունենք, որ այդ պրոցեսի ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունն էականորեն կաճի: Ի՞նչ նկատի ունենք արդյունավետության աճ ասելով. առաջին հերթին, որ հողը կմշակվի ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա, որ մեր գյուղացիներն իսկապես շոշափելի եկամուտներ ստանան, և հողի մշակումը դառնա իսկապես եկամտի լրջագույն աղբյուր, որպեսզի մարդիկ ոչ միայն կարողանան ծայրը ծայրին մի կերպ հասցնել, այլև իրենց աշխատանքի արդյունքն ստանալ, վայելել և բարեկեցությունն ապահովել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գյուղացիներին ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթացնելը և դրանց ներդրման գործում նրանց աջակցելը շատ կարևոր է, բայց պետք է զգույշ լինել այդ հարցում: «Մենք չպետք է փորձենք գյուղացիներին խորհուրդ տալ, թե կովն ինչպես կթել կամ ինչն ինչպես ցանել, բայց պետք է համարձակություն ունենանք մեր գյուղացիներին ասելու, որ 21-րդ դարում արդեն հին մեթոդներով չենք հասնի այն արդյունքներին, որոնց ուզում ենք հասնել: Որևէ մեկը, իհարկե, որևէ մեկին չի կարող արգելել, որ իր այգին մշակի այնպես, ինչպես ինքն է ուզում և իր կովը կթի այնպես, ինչպես ինքն է ուզում: Բայց մենք պետք է իսկապես կարողանանք աշխատանքի արտադրողականության, բերքատվության և մնացած հարցերում ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրազեկել մեր հայրենակիցներին և, իհարկե, որոշակի ֆինանսական ծրագրերով նրանց աջակցել, քաջալերել, որպեսզի այդ տեխնոլոգիաները կիրառվեն` իհարկե, որպես առանցքային նպատակ ունենալով մեր սննդամթերքի էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը, որովհետև մեր գյուղատնտեսական արտադրության մրցունակության առանցքային պայմանը հենց դա է, որ մեր արտադրած գյուղմթերքը, սննդամթերքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր և համապատասխանի բոլոր բարձր ստանդարտներին», – ասել է վարչապետը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը զեկուցել է, որ ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման հաշվետու ժամանակաշրջանի կատարողականը կազմում է 100.2 տոկոս: 2018 թ. ավարտվել են Վեդու բժշկական կենտրոնի 32 մլն դրամի շինարարական աշխատանքները: Մարզպետը նշել է, որ 2018 թ. հրատապ ծրագրերով մարզի համայնքներում նախատեսվում է իրականացնել խմելու և ոռոգման ջրերի ոլորտում 25 ծրագիր՝ 413 մլն 800 հազ. դրամի արժեքով, որից 11-ը խմելու ջրագծերի ներքին ցանցի կառուցման ծրագրեր են` 152 մլն 930 հազ. դրամ ընդհանուր արժեքով, 11-ը՝ ոռոգման ներքին և արտաքին ցանցերի կառուցման ծրագրեր` 221 մլն 800 հազ. դրամ ընդհանուր արժեքով և 3-ը քաղաքաշինական բնագավառի ծրագրեր են: Նշվել է, որ գլխավորապես ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հրատապ ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն մեղմել մարզում ոռոգման և խմելու ջրի խնդիրները:
Մարզպետը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարություն-համայնքներ համաֆինանսավորման, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում մարզի մի շարք համայնքներում իրականացվող առողջապահական, կրթական, մշակութային, քաղաքաշինական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի վերաբերյալ: Ի թիվս մի շարք այլ ներդրումային ծրագրերի, առաջիկայում նախատեսվում է մոտ 5 մլն դոլարի ներդրում Մասիս քաղաքում` Թումո կենտրոնի կառուցման համար:
Անդրադառնալով խաղողի մթերման ծավալին` Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 20.09.2018 թ. դրությամբ մարզի ձեռնարկությունների կողմից մթերվել է 22797 տոննա խաղող:
Վարչապետը հետաքրքրվել է մարզում կաթիլային ոռոգման համակարգի և հակակարկտային պաշտպանության կայանների աշխատանքի մասին: Նշվել է, որ մարզում մոտ 70 հա այգի ոռոգվում է կաթիլային համակարգով, տեղադրված է 99 հակակարկտային կայան, պաշտպանության ենթակա է շուրջ գյուղատնտեսական նշանակության 7920 հա տարածք: Սակայն Սուրենավան համայնքում հակակարկտային պաշտպանության 4 զենիթային կայանից 1-ը չի աշխատել, ինչի պատճառը, մարզպետի խոսքով, կայանի՝ գազով չլիցքավորված լինելն է եղել: Դրա հետևանքով շուրջ 120 հա այգի վնասվել է, գյուղացիներին պատճառվել է 52 մլն դրամի վնաս:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած հակակարկտային կայանների արդյունավետության հարցը մշտապես քննարկվել է և ներկայում էլ քննարկվում է, բայց կա կոնկրետ օրինակ, որն ապացուցում է դրանց օգտակարությունը. խոսքը, ըստ վարչապետի, Արագածոտնի մարզում գործող «Գոլդեն Գրեյփ Արմաս» ընկերության մասին է: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեկ շաբաթ առաջ այցելել է այս գործարան, և ընկերության ղեկավարը, ներկայացնելով հակակարկտային պաշտպանության զենիթային համակարգի աշխատանքը, վստահեցրել է, որ նորմալ գազով լիցքավորելու դեպքում այս կայաններն աշխատում են արդյունավետ, և դրանց տեղադրումից ի վեր մինչ օրս ընկերության այգիները կարկտահարությունից չեն տուժել: «Եզրակացությունն այն է, որ ոչ թե կայանների աշխատանքի, այլ կայանների օգտագործման խնդիր ունենք», – նշել է վարչապետը և հանձնարարել գյուղատնտեսության նախարարին` շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ համատեղ նորից լրջորեն քննության ենթարկել հակակարկտային պաշտպանության զենիթային կայանների արդյունավետությունը, ուսումնասիրել, թե որ համայնքներում ինչ գազով են լիցքավորում և ներկայացնել տեղեկատվություն:
Կառավարության ղեկավարն անընդունելի է համարել, որ որևէ պաշտոնյայի անգործության հետևանքով որևէ համայնքում կայանը կարող է չաշխատել, այգիները վնասվեն, և տուժած ֆերմերները փոխհատուցում ակնկալեն ոչ թե կոնկրետ պաշտոնյայից, այլ կառավարությունից: «Սուրենավան համայնքում 52 մլն դրամի վնաս է պատճառվել: Հիմա գյուղացիները, բնականաբար, ակնկալում են, որ կառավարությունը ինչ-որ սիմվոլիկ աջակցություն պետք է ցույց տա: Ես ասում եմ` ինչու՞ չպետք է փոխհատուցեն այն պաշտոնյաները, որոնք իրենց աշխատանքը չեն արել:
Հարգելի բնակիչներ, գնացեք, նախ ձեր պաշտոնյաների հարցը լուծեք, հետո նոր եկեք կառավարությունից պահանջեք, որովհետև մենք համաձայն չենք, որ ձեր աչքի առաջ թալանեն, դուք էլ սուս մնաք, հետո ասեն գնացեք կառավարությունից ուզեք, կառավարության դիմաց ցույց արեք: Չի անցնի այդ տարբերակը: Գնացեք, ձեր պաշտոնյաների հարցը լուծեք: Գյուղապետ ընտրելիս, պատգամավոր ընտրելիս, որևէ բան ընտրելիս այս ամեն ինչը հաշվի առեք», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ ընդհանրապես համայնքների բնակիչները պետք է հետևեն մարզպետարանների և համայնքապետերի աշխատանքին, յուրաքանչյուրը պետք է զգա իր պատասխանատվության չափը և մասնակցություն ունենա խնդիրների լուծմանը:
Վարչապետն անդրադարձել է նաև այս տարի տեղական շուկայում լոլիկի պահանջարկին և բարձր գնի հարցին: Նշվել է, որ դրա հիմնական պատճառը եղել են հանրապետությունում անոմալ բարձր ջերմային ֆոնը և վնասակար հիվանդությունը` ցեցը: Դրա հետևանքով նախորդ տարվա 116 հազ. տոննայից 35 հազ. տոննայով պակաս բերք է ստացվել: Համայնքների ղեկավարները վարչապետին հայտնել են, որ ցեցի տարածվածությունը բավական մեծ է, և քանի որ բաց տարածքում, ի տարբերություն ջերմոցների, պայքարի արդյունավետ մեթոդներ մշակված չեն, ֆերմերները տարեցտարի նվազեցնում են լոլիկի ցանքատարածությունները:
Կառավարության ղեկավարը, ընդգծելով հարցի կարևորությունը, հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել խնդրի լուծման կոնկրետ ծրագիր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրի ճիշտ օգտագործման և ջրատար առուներն աղբով լցված լինելու խնդրին, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարությունը խնդիր է ձևակերպել, որ Սևանը պետք է հանգիստ թողնել, իսկ դրա համար պետք է ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործել: Այս խնդիրները շղթայաբար կապված են, և իրար հետևից լուծելով պետք է շղթան կտրենք, կոռուպցիոն սխեմաները քանդենք»:
Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է աշխատել խնդիրներն ամենօրյա ռեժիմով լուծելու տրամաբանությամբ: «Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր: Քայլ առ քայլ պետք է գնանք բոլոր հարցերի լուծմանը», – եզրափակել է վարչապետը: