Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երասխ համայնք:
Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համայնքի դպրոցում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին: Համայնքապետը տեղեկացրել է, որ վերջերս ասֆալտապատվել է դպրոց տանող ճանապարհը, վերանորոգվել է 116 աշակերտ ունեցող կրթօջախի ճաշարանը, և ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի իրականացման համար: Նշվել է նաև, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով միջոցներ ուղղել համայնքի դպրոցի հիմնանորոգմանը և կրթօջախի մասնաշենքերից մեկում մանկապարտեզի տեղակայմանը: Շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկայում:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել համայնքի բնակչության հետ, լսել նրանց հուզող խնդիրները, որոնք վերաբերում էին սահմանապահ համայնքի համար առողջապահական, կրթական արտոնությունների տրամադրմանը, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը և այլն:
Դիմելով Երասխի բնակիչներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Շատ բարձր ենք գնահատում այն, որ դուք այստեղ եք՝ սահմանի եզրին և պահում եք մեր սահմանը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ բոլոր խնդիրների լուծումը մեր օրակարգում է: Խնդիրները շատ են և միանգամից չեն լուծվելու, բայց պետք է սկսել փոքր քայլերով կոնկրետ հարցեր լուծել: Պետք է շարունակել աշխատել, որովհետև բոլոր խնդիրները պետք է լուծենք համատեղ աշխատանքով: Մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք, ի վերջո, կարողացանք հասնել փոխադարձ ըմբռնման, որ դա չի կարող անել միայն քաղաքական առաջնորդը: Հեղափոխությունը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, եթե մեզնից յուրաքանչյուրն իր բաժինն անի, և հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամեն քաղաքացի հասկացավ, որ իր դիրքորոշումը վճռական է՝ ինքն ուզո՞ւմ է դա տեղի ունենա, թե՞ ոչ, իր քայլն անո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ պատահական չէ, որ պրոցեսը, որը բերեց իշխանափոխության, կոչվում էր «Իմ քայլը»: Հիմա մենք ուրիշ փուլ ենք մտել. ինչպե՞ս լուծել մեր երկրի պրոբլեմները՝ սոցիալական, տնտեսական: Էլի պետք է լուծենք իմ քայլի շրջանակում. կառավարությունը պետք է իր քայլն անի, բայց քաղաքացին էլ պետք է իր քայլն անի՝ ամենապարզ հարցերից սկսած»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության հիմնական խնդիրն աշխատանքը քաջալերելն է, և յուրաքանչյուր քաղաքացի մեր երկիրը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ աշխատանք ունի անելու: Վարչապետի խոսքով՝ այժմ վերացված են գործարար հնարավորությունները սահմանափակող բոլոր խոչընդոտները, և պետք է շարունակել աշխատել այն մոդելի շրջանակում, որ դրվել է հեղափոխության հիմքում: «Մենք ոչ թե պետք է լինենք կառավարություն, որը հաց է բաժանում, այլ կառավարություն, որն օգնում է մարդուն՝ իր հացը վաստակել, որովհետև մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդն աշխատող ժողովուրդ է: Մեր բոլոր հարցերը լուծվելու են աշխատանքով, ջանքով: Այսօր պետք է տնտեսական, գյուղատնտեսական, կրթական հեղափոխություն անենք, և այդ հեղափոխության առաջնորդը ձեզնից յուրաքանչյուրն է», – շեշտել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Վազգեն Սարգսյանի եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջել է թանգարանում, որտեղ ամփոփված է Վազգեն Սարգսյան պետական, ռազմական, քաղաքական գործչի, ինչպես նաև գրողի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը, ապա գրառում կատարել հյուրերի հուշամատյանում։ Վարչապետը նաև տեսակցել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:
Արարատի մարզ աշխատանքային այցը Նիկոլ Փաշինյանը եզրափակել է Արտաշատի կենտրոնական հրապարակում մարզի բնակչության հետ հանդիպմամբ: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Մարզային այցելություններում ես փնտրում եմ դաշնակիցներ՝ ոչ թե կուսակցական, քաղաքական առումով, այլ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը: Այսօր մի զարմանալի դաշնակից եմ գտել այս այցի ընթացքում, և այդ դաշնակիցն 84-ամյա բնակիչ Քնարիկ Մնացականյանն է՝ իր 90-ամյա ամուսնու հետ: Նրան հանդիպեցի Արարատի գինու գործարանի մուտքի մոտ. պարզվեց, որ իր ամուսնու հետ 7000 մետր խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի է՝ 25 տոննա խաղող են ստանում այդ այգուց և մթերում են գործարանում, ապահովում 20 աշխատատեղ՝ ունենալով այն նույն պրոբլեմները, ինչ բոլորը:
Բայց ի դեմս Քնարիկ Մնացականյանի՝ գտա մի շատ կարևոր դաշնակից, ով չի պատրաստվում սպասել, որ որևէ մեկն իր խնդիրը կլուծի, և այստեղ խնդիրը փողը չէ: Խնդիրն ինքնագնահատականն է, աշխատանքի հաճույքն ու բերկրանքն ստանալն է: Ապագա Հայաստանի, նոր Հայաստանի դաշնակից եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը, ովքեր չեն սպասում, որ որևէ մեկն իրենց ողորմություն կամ օգնություն կտա, այլ իրենք իրենց բարիքը կստեղծեն:
Մենք պետք է ապահովենք թոշակառուների բարձր թոշակը, աշխատողի բարձր աշխատավարձը, բայց պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ձևավորվում է պետությունում աշխատող մարդկանց աշխատանքի արդյունքից: Դա մեր կառավարության քաղաքականությունն է՝ խրախուսել աշխատող մարդուն:
2019 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակն ավելանալու է՝ 18000 դրամից դառնալով 25000 դրամ և համապատասխանելու է նվազագույն սպառողական զամբյուղին: Բայց եթե ուզում ենք, որ այդ թոշակը դառնա ավելի շատ, պետք է երկրում աշխատանքի տրամաբանությունն աշխատի»:
Վարչապետը նշել է, որ այսօր ամենամեծ խնդիրը տնտեսության զարգացումն է, և դա պետք է անել, եթե տնտեսության հիմքում դրվի հեղափոխության տրամաբանությունը: «Կառավարությունն իր բաժին անելիքն ունի, բայց առանց ձեր բաժին աջակցության` դա չի կարող անել: Ինչպես հեղափոխությունը միայն իմ և մեր քաղաքական թիմի անելիքը չէր, այնպես էլ մեր տնտեսության, մեր երկրի հետագա զարգացումը միայն կառավարության անելիքը չէ: ՀՀ քաղաքացին ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, որովհետև մենք պետք է բարձրանանք ու բարձրացնենք: Սա է ամենակարևորը, և մեր երկրում ամենաբարձրը պետք է գնահատվի աշխատող, բարիք ստեղծող մարդը», – ասել է Նիկոլ Փաշինյանը: