Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն Աշտարակում (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 23-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:

 

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանումը ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, որոնք իրենց ելույթում ևս մեկ անգամ հայտարարեցին, որ ընտրությունները կեղծվել են և իրականում Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այնուհետև, ժամանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նախ մտավ Աշատարակի քաղաքապետարան, ողջունեց քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակիցներին, որից հետո ելույթ ունեցավ հանրահավաքի մասնակիցների համար: Նա նշեց, որ իրենք եկել են այստեղ «Բարև» ասելու և շնորհակալություն հայտնելու իրենց տված քվեի համար:

«Այս հաղթանակը պատկանում է ժողովրդին, ոչ թե ինձ. Հայաստանի շարքային քաղաքացուն, ով հաղթահարեց իր վախը, սեփական հայրենիքում իր ստրկամտությունը, հասկացավ, որ մեր երեխաները պետք է ունենան ապագա»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենց պայքարը տևական է լինելու և ամենակարևորը՝ առանց բռնի ուժի կիրառման` հիմնված սահմանադրական նորմերի վրա:

 

ՀՀ նախագահի թեկնածուն նաև խոսեց Շիրակի մարզպետի հրաժարականի մասին նշելով, որ մինչ նրա հրաժարականը պետք է իրենց պաշտոններից հրաժարվեին մի շարք այլ պաշտոնյաներ, մարզպետեր, ովքեր կեղծեցին ընտրությունները:

 

Վերջում հանրահավաքի մասնակիցներին կոչ արվեց մասնակցելու վաղը Երևանում կայանալիք հանրահավաքին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել