«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան

Հաճախ մեր ցանկություններից շատերն իրավական հարթությունում լուծել հնարավոր է, սակայն ընդունելի չէ բարոյական առումով: Եթե ունեք այնպիսի ցանկություն, որը հակասում է բարոյականությանը, ապա «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի դռները փակ են Ձեր առջև:

 

Գրասենյակի նախագահ Արա Զոհրաբյանը հիշում է` մի երիտասարդ եկել էր գրասենյակ և ցանկություն ուներ հարազատ մորը վտարել իր բնակարանից: Ինչո˚ւ, որովհետև կինը չէր ուզում ապրել ամուսնու մոր հետ: «Երիտասարդն ուզում էր վտարման հայցով դատարան մտնել: Գործն անել հնարավոր էր, քանի որ մայրը սեփականատեր չէր: Բայց ես բարկացած տոնով ասացի, որ գրասենյակից դուրս գա»,- պատմում է Արա Զոհրաբյանը:

 

«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի վստահորդներից են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, Թումո կենտրոնը, ՍԱՍ գրուպ ընկերությունը, Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամը, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկը և այլն:

 

Փաստ է…

 

Գրասենյակի գլխավոր տնօրեն Վահագն Բալաբեկյանը խոսքով` ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին «Սրետենկա-Կոնսուլ» անվամբ: 2011 թվականին անվանափոխվել է` «Զոհրաբյան և գործընկերներ»:

 

Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի չորրորդ զրուցակիցը «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահ Արա Զոհրաբյանն է:

 

-Ինչո˚վ է տարբերվում «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը Երևանում գործող մյուս փաստաբանական գրասենյակներից:

 

-Մեր գրասենյակն ունի իր ավանդույթները: Մասնավորապես, ստեղծման պահից սկսած ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով: Մենք ի սկզբանե որդեգրել էինք, որ երբևիցե որևիցե կոռուպցիոն կամ այլ միջնորդություններ չենք իրականացնելու:

 

Մեր հասարակությունն ի սկզբանե այլ կերպ էր պատկերացնում խնդիրը, մասնավորապես, կարծում էր, որ երբ փաստաբանը գումար է առաջարկում իր ծառայությունների համար, դրա մեջ ներառված է նաև զարտուղի գումարները: Սկզբնական շրջանում բավականաչափ քիչ հաճախորդներ ունեինք, և մեր հաճախորդները դառնում էին հիմնականում այն անձինք, ովքեր քաղաքական խնդիրներ ունեին կամ հակառակ կողմը հավանաբար ծանոթություն ուներ դատավորի հետ: Այսպես ասած` անհույս գործերը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել: Գրասենյակը բավականաչափ գործեր ունեցավ, և հիմա կարող եմ ասել, որ շատ պատվիրատուներ, հակառակը, կարևորում են այն փաստը, որ փաստաբանական գրասենյակն աշխատում է օրինական ճանապարհով:

 

-Երբվանի˚ց է սկսում գրասենյակի առօրյան:

 

-Գրասենյակի առօրյան սկսում է ժամը 10:00-ից: Մեր կազմակերպությունը հիմնականում զբաղվում է ընթացիկ սպասարկումներով, նաև դատական գործեր ունենք մեծ ծավալի: Այսինքն` կազմակերպությունը, ամսական վճարում կատարելով, օգտվում է մեր ծառայություններից: Մեր հաճախորդների հետ շփումը հիմնականում էլեկտրոնային նամակներ գրելու ճանապարհով է իրականանում: Կան աշխատակիցներ, ովքեր համարվում են կոնկրետ կազմակերպության սպասարկողը: Ցանկացած հարցի դեպքում իրենք հավաքում են առաջացած խնդրի հետ կապված մանրամասները և եթե մաքսային ոլորտին է վերաբերում, ապա այդ գործը հասցեավորում է մաքսային ոլորտի մասնագետին, հետո նրանից ստանում է պատասխանն ու ուղարկում կազմակերպությանը:

 

– Կմանրամասնե˚ք Ձեր փաստաբանական գրասենյակի մատուցած ծառայությունները:

 

– Մեր աշխատանքում միայն քրեական ոլորտի հետ չենք առնչվում: Հիմնական գործերը քաղաքացիական և վարչական են, նաև Սահմանադրական դատարան դիմվող գործերով ենք զբաղվում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին համապատասխան գանգատներ ենք ներկայացնում: Բավականաչափ փորձ ունենք վարչական վեճերի լուծման հարցում:

 

-Տեղյակ եմ, որ գրասենյակն ունի 5 դեպարտամենտ: Ինչի˚ համար է անհրաժեշտ այսպիսի բաժանումն ու ինչո˚վ են զբաղվում դեպարտամենտները:

 

-Մեր գրասենյակը որոշեց ընտրել մասնագիտացման ուղին: Այսինքն` փորձում ենք ըստ դեպարտամենտների (հարկային-մաքսային դեպարտամենտ, քաղաքացիական, աշխատանքային հարցերի, միջազգային և ընդհանուր) առանձնացնել այն աշխատակիցներին, ովքեր մասնագիտացված են այդ ոլորտում: Օրինակ` աշխատանքային հարցերի դեպարտամենտում ներգրավվել ենք հիմնականում աշխատանքային հարցերում հմտացած մասնագետների: Ու եթե սպասարկվող կազմակերպություններից մեկին հետաքրքրում է օրինակ աշխատանքային ոլորտի հարց, ապա այդ հարցը հասցեագրվում է աշխատանքային հարցերի դեպարտամենտին: Դեպարտամենտը դրա վերաբերյալ կազմում է դիրքորոշումը և ուղարկում համապատասխան կոորդինատոր փաստաբանին:

 

Այստեղ մի կարևոր բան էլ կա` ամեն դեպարտամենտ իր մասով այսպես կոչված վիճակագրություն էլ է կազմում: Նույն աշխատանքային հարցերով դեպարտամենտը պարզաբանումների համար շատ գրություններ ունի ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ստացած պարզաբանումները մեզ մոտ պահվում են, և մեր մյուս հաճախորդները, եթե նմանատիպ հարց են ունենում, մենք տեղում, օպերատիվ, այդ պարզաբանումներով ղեկավարվելով, խնդրի լուծման առաջարկ ենք ներկայացնում:

 

Բացի այդ, նաև ասեմ, որ մենք ստեղծել ենք առաջինից երրորդ կարգի իրավաբանների դասակարգում: Այսինքն` իրավաբանը, մեզ մոտ աշխատանքի ընդունվելուց, համարվում է երրորդ կարգի իրավաբան: Ընթացքում, կապված իր ձգտումներից ու փորձից, նա կարող է ինչպես որակավորումը բարձրացնել, այնպես էլ դրան զուգահեռ աշխատավարձը:

 

-«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կայքում նշվում է նաև հատուկ առաջարկի մասին: Այսինքն` գրասենյակի աշխատակիցներն իրականացնում են նաև անվճար խորհրդատվություն`այցելության և հեռախոսի միջոցով, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 14.00-ից 18.00-ն: Արդյո˚ք սա հասարակության մի հատվածին մշտապես Ձոր տիրույթում պահելու տարբերակ է, որի ընթացքում նրանց կարող է առաջարկվել նաև վճարովի ծառայություններ:

 

-Չէ: Ասեմ, թե ինչու ոչ: Այդ ծառայություններից օգտվող մասսան հիմնականում մեր հաճախորդը չի էլ դառնում: Մեզ մոտ ծառայությունների սակագինն այնպես է դասավորված, որ հասարակության միջին և բարձր խավի համար ենք «հասանելի»: Այս պարագայում մենք դա անում ենք մեր հանգստության համար:

 

-Իսկ նրանք հիմնականում ի˚նչ խնդիրներով են դիմում:

 

-Թոշակների հետ կապված, փոխառություններ, բնակարանային վեճ, հողային վեճ: Հարսի և սկեսուրի «կռիվ-պատերազմ»… (ժպտում է,- Ն.Հ)

 

-Իսկ ինչո˚ւ վստահել հենց «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակին:

 

-Իհարկե, վստահել որոշում է հենց հաճախորդը: Բայց փաստաբանի մոտ էլ է հարց առաջանում` ինչո˚ւ հավատալ վստահորդին: Գրասենյակի գործերի քանակը կարող է խոսել կամ չխոսել վստահության մասին, բայց մեզ մոտ գործում է այն սկզբունքը, որ փողը լավ ծառա է, բայց վատ տեր: Մեզ մոտ գումարային հարցն առաջնային չէ: Նույն հաջողությամբ երբեմն ես ինձ փորձում եմ համեմատել ծառայություն ստացողի դերում: Օրինակ` եթե ես գնում են բժշկի մոտ և ասում եմ, ասենք, իմ ձեռքը ցավում է, հարգելի բժիշկ, ու բժիշկն ասում է գնացեք վճարեք դրամարկ, ես Ձեզ կասեմ: Այս դեպքում ես օտարվում եմ բժշկից: Իսկ երբ ասում ես` ինչ վճարեմ, ասում է` նախ տեսնենք, թե ինչ խնդիր է, ու դուք զգում եք, որ ձեր ցավով է ապրում, անկախ ձեզանից, զուտ մարդկային առումով, սկսում ես բժշկին վստահել:

 

Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է, որ հաճախորդը փաստաբանի մոտից գնա մտածելով, որ գումարային հարցում ինքն է փաստաբանին «խափել», այլ ոչ թե փաստաբանից «խափվել»: Եվ չմոռանանք, որ երբ ծառայությունը չունի նյութականացված արդյունք, մի քիչ դժվար է գնահատելը: Օրինակ` փաստաբանն իր գործը շատ լավ ներկայացնում է, բայց դատարանն այլ վճիռ է կայացնում: Այստեղ, իհարկե, արդյունքով չի չափվում: Մեր վստահորդները տեսնում են, որ մենք ամեն ճիգ գործադրում ենք, որպեսզի հասնենք արդար դատական ակտի, բայց եթե չենք հասնում, մեր վստահորդները դրանից երբեք կոնֆլիկտ չեն առաջացնում:

 

Ամենակարևորն այն է, որ փաստաբանը պետք է սիրի իր գործը: Եթե մարդն իր գործը սիրում է, ապա այդ գործի մեջ կարող է հաջողություններ արձանագրել:

 

-Գնահատելով փաստաբանության ներկա վիճակը Հայաստանում, ինչպիսի˚ն եք պատկերացնում փաստաբանության ապագան:

 

-Կարող եմ ասել, որ փաստաբանական ինստիտուտը բավականաչափ վերելք է ապրել: Ես ինքս տեսնում եմ: 2001 թվականից ունեմ փաստաբանի արտոնագիր և ինքս, համեմատության մեջ դնելով, տեսնում եմ, որ մենք բավականաչափ առաջ ենք գնում:

 

Այսօրվա փաստաբանն առավել պաշտպանված է, քան առաջվա փաստաբանը: Այսօրվա փաստաբանն առավել շատ հնարավություններ ու լիազորություններ ունի, քան առաջվա փաստաբանը: Եվ այսօրվա փաստաբանն ավելի հասկանալի ու ընկալելի է ու հարգանք է վայելում, քան առաջվա փաստաբանը: Ես կարծում եմ, որ մենք` բոլոր փաստաբաններով, պարտավոր ենք անել ամեն-ինչ ու կանենք, որ մենք էլ ավելի զարգանանք, էլ ավելի աճենք: Տեսեք, թե ինչպես ստեղծվեց փաստաբանական դպրոցը և փաստաբաններին պարտավորեցրեց վերապատրաստումներ անցնել, և դա իզուր չէ: Մենք փորձում ենք ինքնակատարելագործվել:

 

Առաջարկում ենք կարդալ նաև շարքի մյուս հարցազրույցները` «ԼեգալԼաբ», «ԱԳՐԻՄԵՆԹ», «Արմադել Քոնսալթինգ» իրավաբանական (փաստաբանական) ընկերությունների մասին:

 

Նունե Հովսեփյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել