Գյումրիում կինը մեղադրվում է հարևանուհուն ծեծելու մեջ

Այսօր` հունվարի 21-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց իր հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող Դ. Մանուկյանի քրեական գործով վկաների հարցաքննությունը:

 

Քրեական դատավարության ընթացակարգի համաձայն ցուցմունք տվեց սույն քրեական գործով ամբաստանյալ Դ. Մանուկյանը: Վերջինս իր ցուցմունքում նշեց, որ դեպքի օրը` 2012թ. հուլիսի 25-ին ժամը 17:40-ի սահմաններում եղել է ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում` դատավոր Է. Նահապետյանի օգնական Ն.Ա.-ից վերցրել է փաստաթուղթ, որը և ներկայացրեց դատարանի ուշադրությանը: Բացի այդ մանրամասնորեն նշեց, որ դատարանից փաստաթուղթը վերցնելուց հետո ուր է գնացել, ում հետ է հանդիպել և նույն օրը 18:20-ի սահմաններում վերադարձել է իր աշխատավայր և գիշերը 23.00-ի սահմաններում (վերջինս աշխատում է խանութում և այդ օրը խանութում տեղափոխություն է եղել) նոր վերադարձել է տուն: Նշեց նաև, որ այդ օրը ընդհանրապես չի տեսել տուժող Կ. Մարտիրոսյանին և ոչ էլ նրա դստերը Մ. Հովհաննիսյանին: Քանի որ Դ. Մանուկյանի նշած հանգամանքները ապացուցման կարիք ունեն, ուստի վերջինիս փաստաբանը` Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը, միջնորդեց դատարանում որպես վկա հարցաքննել ևս մի քանի վկաների, ովքեր կապացուցեն Դ. Մանուկյանի ասածը: Դ. Մանուկյանն իր ցուցմունքում նշեց, որ շենքի հարևաններից և ոչ ոք 2012թ. հուլիսի 25-ին չի լսել ոչ մի վիճաբանության ձայն:

 

Կողմերը չառարկեցին պաշտպանի ներկայացրած միջնորդությանը` լրացուցիչ վկաներ հարցաքննելու մասին և դատարանը բավարարեց Դ. Մանուկյանի փաստաբանի միջնորդությունը:

 

Դատական նիստը ընթացավ առանց վիճաբանությունների, տուժողը ընդանրապես չմիջամտեց ո´չ վկայի հարցաքննությանը և ո´չ էլ ամբաստանյալ Դ. Մանուկյանի ցուցմունքին:

 

Դատարանը ամբաստանյալի հարցաքննությունից հետո հետազոտեց գործում առկա փաստաթղթերը, այդ թվում և իրեղեն ապացույց ճանաչված «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսի միջոցով ձայնագրված բովանդակության վերծանումը: Հիշեցնենք, որ սույն հեռախոսով տուժողի դուստրն իր խոսքերով ձայնագրել է դեպքի օրը տուժողի և ամբաստանյալի վիճաբանությունը:

 

Քանի որ անհրաժեշտություն առաջացավ հարցաքննել ևս մի քանի վկաների, ուստի դատարանը հերթական դատական նիստ նշանակեց փետրվարի 1-ին, ժամը 14:00-ին:

 

Հանրային թղթակից՝ Լուսաբեր Տեր Գևորգյան

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել