Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն ինչ այս դրական դինամիկան պահպանելու համար. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հանրապետության մայրաքաղաքում ու մարզերում պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները, անհանդուժողականությունը օրինազանց ու համաքաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ, օրինախախտների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անվերապահորեն կազմվող վարչական արձանագրությունները և այլն դրա վկայությունն են:

Ուրախալի է, որ ճանապարհային ոստիկանությունն ունի հասարակության աջակցությունը. հանրային կարծիքը հավանություն է տալիս այս գործողություններին, իսկ քաղաքացիները հաճախ այս կամ այն կերպ օժանդակում են ոստիկաններին, որ լիարժեք իրականացնեն իրենց գործառույթները:
Ու կարծես իրավիճակը փոխվում է:

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 136 ճանապարհատրանսպորտային պատահար` անցյալ տարվա նույն շրջանում գրանցված 143-ից 7-ով պակաս:
Նվազել է նաև զոհերի ու վիրավորների թիվը, համապատասխանաբար` 6-ով ու 12-ով. անցյալ տարվա այս հատվածում ճանապարհներին զոհվել է 15 մարդ, այս տարի` 9-ը, վիրավորվել է 193-ը, այս տարի` 181 մարդ:

Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն ինչ այս դրական դինամիկան պահպանելու համար և ակնկալում է հանրության աջակցությունը. ճանապարհային երթևեկության անվտանգությունը հնարավոր է լիարժեք ապահովել միայն բոլորիս կամքի ու ջանքերի համատեղումով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել