Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Համբոյի Գիքորի պես անօգնակա˚ն էին թողել զինվորին

Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործի քննությունը: Դատական նիստը բացելուց հետո՝ գործով նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ ուշանում էր ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Դատարան էին ներկայացել վկաներ Վահան Գևորգյանը, Սևակ Շահվազյանը, Գայանե Կարապետյանը, Մելանյա Շմավոնյանը, Արմինե Սերոբյանը, մեղադրող դատախազ Մանվել Գրիգորյանը, տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լևոն Պողոսյանը: Վերջինս այս գործով պաշտպանելու է ամբասանյալ Մինաս Մկրտչյանի շահերը (նախորդ դատական նիստի ժամանակ Մինաս Մկրտչյանը հրաժարվել էր իր շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի ծառայությունից):

Դատավորը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի Մեծահասակների բաժնի վարիչ Մելանյա Շմավոնյանին հրավիրեց նիստերի դահլիճ ցուցմունք տալու (նրա խոսքով՝ ինքը հիվանդանոցում գտնվող բոլոր ծանր հիվանդներին զննում է): Վկան հայտնեց, որ ջրծաղիկիով հիվանդ զինվորին զննել է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը եղել է ծանր, անգիտակից, ունեցել է արյունազեղումներ, ցանավորում:

Մահացած զինվորի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, անընդհատ կրկնում էր, որ վկային ինքը չի տեսել իր որդու մոտ: «Կաշառված վկա է»,- կրկնում էր Մովսես Խաչատրյանը: Դատավորը նշեց, որ Մելանյա Շմավոնյանին դատարանում լսելու ցանկություն հայտնել է նաև տուժող կողմը: Մուշեղ Շուշանյանը դատարանին տեղեկացրեց, որ իր համար զարմանալի է, որ Մովսես Խաչատրյանն այդ մարդուն չի ճանաչում:

«Անունով մարդուն կարող է չհիշեմ, բայց հո գիտեմ, որ ես էս մարդուն որդուս մոտ չեմ տեսել: Խեղկատակություն է: Կարո˚ղ ա էս ցավիս մեջ ինձ հիմա ինֆակտ խփի»,- զայրացած ասաց մահացած զինվորի հայրը: Վերջինս պարբերաբար խանգարում էր դատական նիստի ընթացքին՝ խոսելով որդու վիճակի և նրան անօգնական թողած բժիշկների մասին:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածով, Մովսես Խաչատրյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում:

Վկա Մելանյա Շմավոնյանը հայտնեց, որ ինքը ծանոթ չէ հիվանդության պատմությանը, սակայն էպիկրիզից իր համար պարզ է դարձել, որ ջրծաղիկով հիվանդ զինվորը ստացել է այն բուժումները, որը պետք է ստանար:

«Իմ վտահորդի պնդմամբ՝ ինքը Ձեզ վերակենդանացման բաժանմունքում չի տեսել: Ի˚նչ կասեք այդ մասին»,- վկային հարցրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:

«Հիմա ի˚նչ՝ ուզում եք ապացուցե˚մ, որ կոկորդիլոս չեմ»,- պատասխանեց վկա Մելանյա Շմավոնյանը:

Գործով հաջորդ վկան ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բժիշկ-նյարդաբան Արմինե Սերոբյանն էր: Նա է բուժել Հայկ Խաչատրյանին դիմային նյարդի բորբոքումից (մոնոնեյրոպատիա), որտեղ էլ զինվորը վարակվել է ջրծաղիկ հիվանդությամբ:

Ըստ Մովսես Խաչատրյանի՝ դիմային նյարդի բորբոքումից բուժող բժշկուհին անուշադիր է եղել որդու նկատմամբ, զինվորի մարմնի վրա հայտնաբերել է ցաներ, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել նրան «Նորք» ինֆեկցիոն տեղափոխելու համար: Բժշկուհին նախաքննության ընթացքում տված ցուցմունքում հրաժարվել է այն փաստարկից, որ ինքը խոսել է տուժողի հոր հետ՝ որդու վիճակի մասին, նրան տվել իր ձեռագրով գրված աշխատանքային հեռախոսահամարը իր անուն ազգանունով: Նախ հրաժարվել է, որ ինքն է գրել, ապա, որ ինքն է տվել Մովսես Խաչատրյանին: Այս հակասությունները դատարանի դահլիճում վկան ևս չկարողացավ հստակեցնել: Շատ հարցերին պատասխանում էր՝ չեմ հիշում: Մահացած զինվորի հայրն էլ կրկնում էր. «Փող չտվեցի, որդուս չտեղափոխեցին. բժիշկները առանց փողի գործ չեն անում»:

Այսօր դատարանում ցուցմունք տվեցին նաև բժիշկ համաճարակաբան Գայանե Կարապետյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 28-ին զինվորին իրենց բաժնից ստուգել է ավագ օրդինատոր Սևակ Շահվազյանը, ապա ինքը՝ ամբաստանյալ, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանի խնդրանքով, քանի որ տուժող Հայկ Խաչատրյանը բողոքել է որովայնի ցավերից:

Մահացած զինվորի հոր նյարդերը կրկին տեղի տվեցին: Նա հավաստիացրեց, որ իր հորդորներից, խնդրանքներից հետո է միայն ուղարկել բաժնից այլ մասնագետների, որոնք եկել են «սխմրտել փորն ու գնացել»:

Դատավորին հետաքրքրեց, թե ինչու են զինվորին մեկ օր ավելի պահել իրենց հիվանդանոցում, երբ ինֆեկցիոնիստը և թերապևտն ասել են, որ անհապաղ պետք է տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն:

Վկայի պատասխանն այն էր, որ պետք էր համոզվել, որ զինվորը վիրահատական միջամտության կարիք չունի:

«Հարգելի դատարան, Համբոյի Գիքորի պես անօգնական էին թողել որդուս»,- զայրացած ասաց Մովսես Խաչատրյանը՝ հիշելով վկայի վատ վերաբերմունքը իր նկատմամբ: Մահացած զինվորի հայրը, չկարողանալով իրեն տիրապետել, իր և իր ներկայացուցչի սեղանին դրված գրքերից նետեց վկայի ուղղությամբ:

Դատավորը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածով, տուժողի իրավահաջորդին հեռացրեց նիստերի դահլիճից, որոշեց ստեղծված իրավիճակով պայմանավորված հետաձգել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 9-ին, ժամը 12: 00-ին:

Այդ օրը ցուցմունք տալը կշարունակի վկա Վահան Գևորգյանը, ապա դատակոչի ցուցակի հերթականությամբ Սևակ Շահվազյանը, ինֆեկցիոնիստ Վլադիմիր Էլիզբարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Նա չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Ըստ զինվորական դատախազության ավագ դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանի ներկայացրած մեղադրական եզրակացության` 2011 թվականի դեկտեմբերի 9-ին շարքային Հայկ Խաչատրյանը «դիմային նյարդի մոնոնեյրոպատիա» ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ՊՆ կլինիկական զինվորական հոսպիտալ, ավելի ուշ հիվանդասենյակում վարակվել «ջրծաղիկ» հիվանդությամբ:

«Գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի ցուցմունքով այն մասին, որ «Ջրծաղիկ» հայտնաբերելուց հետո իր որդու նկատմամբ զինվորական հոսպիտալում որևէ բուժում չի նշանակվել: 28.12.2011թ. Հայկ Խաչատրյանի մոտ որովայնի շրջանում ցավեր սկսվելուց հետո ինքը խնդրել է Մ.Մկրտչյանին, որ թույլատրի իր որդուն այլ հիվանդանոց տեղափոխելու համար, քանի որ որդին եղել է անտերության մատնված, սակայն վերջինս արգելել է տեղափոխել: Այնուհետև Մ.Մկրտչյանը հայտարարել է, որ Հայկն այլևս իր հիվանդը չէ, քանի որ գտնվում է վիրաբույժի հսկողության տակ: 28.12.2011 թ. գիշերվա ժամին Հ. Խաչատրյանի մոտ սկսվել են սուր ցավեր, որից հետո որդին կորցրել է գիտակցությունը: 29.12.2011թ. տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 30.12.2011 թ. մահացել է»,- նշվում է մեղադրական եզրակացությունում:

Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1236/44 եզրակացության համաձայն` Հ. Խաչատրյանի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որը պայմանավորված է ջրծաղիկի հետևանքով զարգացած պոլիօրգանային անբավարարությամբ, սկսվող ԴՎՍ համախտանիշով, որոնցով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք և վերջիններս էլ գտնվում են անմիջական պատճառահետևանքային կապի մեջ մահվան պատճառի հետ:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել